Հոկտեմբերի 23-ին Հայկ Կյուրեղյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2015 թվականի սեպտեմբերի 15-ին իր դեմ կայացված մեղադրական դատավճռի դեմ: Բողոքը հանձնվել է փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջոցով, գործընթացում Կյուրեղյանին աջակցում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի ղեկավար Արթուր Սաքունցը Հայկ Կյուրեղյանին քաղբանտարկյալ է համարում։
Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցիչների նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) նախատեսված արարքները կատարելու համար։
2014 թվականի հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Դատավարության ընթացքում ծրագրավորողը հրաժարվել էր պաշտպանից, սակայն, ըստ օրենքի, դատական նիստերին ներկա էր լինում Կյուրեղյանին պետության կողմից տրամադրված հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը։
Ըստ վերջինի՝ գործի նախաքննության և դատավարության ընթացքում մի շարք խախտումներ են գրանցվել, մասնավորապես, չի կատարվել առերեսում Կյուրեղյանի և տուժածների միջև, դատարանը չի քննել ոստիկանական մեքենայում Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստը, Կյուրեղյանը հեռացվել է դատարանի դահլիճից 10 ժամով, սակայն դատարանը թույլ չի տվել նրան նիստերին մասնակցել նաև այդ ժամկետը լրանալուց հետո: