Ընտրություններին ու հանրաքվեներին նույնականացման քարտերով քվեարկելը թույլ տալու մասին նախագիծը կառավարության կողմից Ազգային ժողով է բերվել օրենքի, բոլոր միջազգային նորմերի խախտմամբ, քանի որ ընտրությունների մասին օրենքներն առաջիկա քվեարկությունից առնվազն վեց ամիս առաջ են ընդունվում։ Այս մասին այսօր սահմանադրական փոփոխություններին վերաբերող հանրային քննարկման ժամանակ հայտարարել էՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նշենք, որ սահմանդրական փոփոխություններին վերաբերող հանրաքվեն նշանակված է այս տարվա դեկտեմբերի 6-ին։
Նա նշել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից ընդամենը մեկ ամիս առաջ նման «արագացված ռեժիմով» օրենք ընդունելը պատահական չէ․ նման գործողությունը միտված է ընտրակեղծիքների նոր մեխանիզմ ստեղծելուն։ Արամ Մանուկյանը հիշեցրել է, որ գործող օրենսդրությամբ՝ սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար անհրաժեշտ է ընտրողների ցուցկաների առնվազն մեկ քառորդի «այո»֊ն, այն է՝ 650.000 մարդ։
«Իշխանությունն ինքը հասկանում է, որ այդքան ձայներ ապահովելը հեշտ չի լինի։ Առաջարկվող օրենքով կես միլիոն քաղաքացիների թուլ է տրվելու քվեարկել նույնականացման քարտերով։ Ընտրություններին մասնակցելը, իհարկե, մարդու իրավունք է, սակայն այս նախագիծը հակասում է այն նորին, համաձայն որի մարդու քվեարկությունը պետք է գրանցվի նրա անձը հաստատող փաստաթղթում, հաստատվի քվեարկության մասին կնիքով։ Սա իմաստ ունի՝ թույլ չտալ կրկնաքվեարկությունը։ Եթե մարդիկ քվեարկում են անձնագրով, որում կնիք է դրվում, այլ ընտրատեղամասում քվեարկելու հանցագործ միտումից զրկվում են։ Այս նախագծով 500 հազար քաղաքացիներ իրավունք են ստանալու քվեարկել նույնականացման քարտով, որտեղ ոչ մի բան նշված չէ՝ ոչ հասցե, ոչ մի բան»,֊ ասել է Արամ Մանուկյանը։
Հիշեցենք, որ երեկ Ազգային ժողովում ՀՀԿ֊ական մեծամասնությունը մերժել է նույնականացման քարտերով քվեարկության համար էլեկտրոնային վերահսկողություն սահմանելու մասին օրինագիծը։