ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որն ավելի վաղ խորհրդարանը մերժել էր։ Այս տարվա հունիսին առաջին ընթերցմանը ներկայացված նախագծով առաջարկվում էր միջինը 10 տոկոսով բարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափերը ծխախոտի և ալկոհոլային խմիչքների համար՝ համապատասխանեցնելով դրանք ԵՏՄ չափանիշներին։
Այսօր Կառավարության կողմից ներկայացված նախագծով առաջարկվում էր, բացի ծխախոտի և ոգելից խմիչքների ոլորտներում հարկը բարձրացնելուց, ակցիզային հարկ սահմանել մեկ ոլորտում ևս՝ «սեղմված բնական գազի դեպքում՝ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների համար»։ Նոր օրենքն ընդունելու դեպքում 1000 խմ սեղմված բնական գազի համար գանձվելու է 8330 դրամ։
ՀՅԴ֊ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր ծրագրում հակառակն էր խոստացել՝ նախատեսելով 53.2 միլիարդ դրամով իջեցնել ակցիզային հարկերը 2016 թվականի համար։
«Սա գլխացավ առաջացնող նախաձեռնություն է։ Ներկայացվել է մի նախագիծ, որը նախատեսում է բնական գազի, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման համար նոր հարկատեսակի ներմուծում, ինչն իր բացասական ազդեցությունն է ունենալու», ֊ ասել է Մինասյանը։
Պատգամավորն ասել է, որ եթե մինչ այս տվյալ հարկային փոփոխությունների պահանջը ներկայացվում էր որպես ԵՏՄ պահանջ, ապա այժմ նախագծում նշվում է, որ այդ պահանջը գալիս է Արժույթի միջազգային հիմնադրամից։ Նրա խոսքով՝ առնվազն պետք է հարցում անել ԱՄՀ, թե ինչպես են այս հարկային ավելացումները պատկերացնում Հայաստանի տնտեսական պայմաններում, քանի որ համաձայն պաշտոնական տվյալների առևտի շրջանառությունը անկում է ապրել շուրջ 6 տոկոսով։
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ևս դեմ է արտահայտվել նախագծին՝ նշելով, որ այն հարվածելու է տեղական արտադրողին։
«Արդյոք հաշվել եք՝ ի՞նչ է լինելու որոշ արտադրությունների փակվելու դեպքում, օղու, ծխախոտի արտադրությունների դեպքում, իսկ դրանք փակվում են, քանի որ շահութաբեր չեն։ Սա հնարավորություն է տալու, որ ռուսական անորակ արտադրանքը մտնի Հայաստան։ Գազի վրա ակցիզ կիրառելու դեպքում մենք չենք կարող խուսափել տրանսպորտի թանկացումից։ Տրանսպորտի թանկացումը բերելու է ցանկացած այլ ոլորտի թանկացման։ Մոտ 30 միլիոն դոլար հարկ է ավելանալու այս նախագծով, գուցե մի փոքր քիչ։ Անխուսափելի է լինելու թանկացումը, տեղական արտադրողի վիճակը ավելի վատացնելու»,֊ ասել է Քոքոբելյանը։
Օրինագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 25, 1֊ը ձեռնպահ է մնացել։ Օրենքի համաձայն՝ հարկային այս փոփոխությունները կգործեն 2016թ․ մայիսի 1-ից։