ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության հերթական նիստում կներկայացնի «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։
«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ խոսքը բավական աղմկահարույց փոփոխությունների մասին է, որ անցած տարվա վերջին փորձ արվեց անցկացնել Ազգային ժողովում, բայց հանդիպեց Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների և միջազգային մի շարք կազմակերպությունների հուժկու քննադատությանը։
«Օրենքին ընդդիմացող կազմակերպությունները պնդում էին, որ այդ օրենքով իշխանությունները նպատակ ունեն վերահսկողության տակ վերցնել հասարակական կազմակերպությունների գործունեությունը և ձեռք բերել հզոր լծակներ ցանկացած պատրվակով իշխանությունների քիմքին չհամապատասխանող ՀԿ-ների գործունեությունը կասեցնելու համար: Բացի դա, օրենքի նախագծով ՀԿ֊ներին պարտադրվում էր անցնել ֆինանսական աուդիտ, որը բավական թանկ հաճույք է և ոչ բոլոր ՀԿ-ները կարող են դա իրենց թույլ տալ։ Այսօր ներկայացվող փաթեթում, ըստ արդարադատության նախարարության կողմից կցված պարզաբանման. ՀԿ-ների հակափաստարկները հաշվի են առնված։ Որքանով են հաշվի առնված թերևս պարզ կդառնա առաջիկայում», – գրում է թերթը։