Այս տարվա սեպտեմբերին արտերկրից Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է ընդամենը 78.7 միլիոն դոլար, ինչը անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշից պակաս է մոտ 1.8 անգամ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Սա մասնավոր տրանսֆերտների՝ վերջին առնվազն 8-9 տարիների ամենափոքր ծավալն է, որ արձանագրվում է սեպտեմբերին։ Նույնիսկ ճգնաժամային համարվող 2008–2009թթ. մասնավոր տրանսֆերտների նման ցածր մակարդակ սեպտեմբերին չի գրանցվել։
Թերթը նշում է, որ այս տարվա առաջին ինը ամիսներին մասնավոր տրանսֆերտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 407 միլիոն դոլարով, կամ 38 տոկոսով։
«Խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը և բնակչության գնողունակ պահանջարկի մակարդակը հիմնականում պայմանավորված է հենց մասնավոր տրանսֆերտների ծավալով, որը գրեթե ՀՀ պետական բյուջեի չափի է: Մասնավոր տրանսֆերտները Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանից։ Աղբյուրը՝ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներն են»,–գրում է թերթը։
Հայաստանում այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում նաև անշարժ գույքի ոլորտում գործարքների քանակի կտրուկ անկում է արձանագրվել: Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի հրապարակած տվյալների՝ այս տարի Հայաստանում արձանագրվել է բնակարանների օտարման 8,4 հազար գործարք, այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 10,3 հազար էր։ Նվազումը կազմում է 18 տոկոս։