2016թ. պետական բյուջեի նախագծով՝ բյուջեի պակասուրդը (եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը) կանխատեսվում է ՀՆԱ-ի 3.5 տոկոսի չափով: Այսպիսով, բյուջեի պակասուրդը 4 տարի անընդմեջ աճում է։ Այսօր ՀՀ Աազգային ժողովի հանձնաժողովների նիստերին կառավարության ներկայացրած նախագծով ՀՆԱ֊ի 2.2 տոկոսանոց աճ է կանխատեսվում:
Նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիշեցրել է, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրով խոստանում էր 7 տոկոսանոց տնտեսական աճ, որի դեպքում, Բագրատյանի պնդմամբ, աշխատուժը երկրից չէր հեռանա, արտագաղթը կդադարեր, մինչդեռ Հայաստանում հակառակ վիճակն է։
«[Այս] տասնամյակը կփակենք առնվազն կես միլիոն արտագաղթով: Հաճախ ասում են՝ ավելի շատ էլ է եղել՝ ցույց տալով, որ 500.000 [մարդկանց] հեռանալը դա աղետ չի: Ավելի շատ չի եղել. 1992-1993թթ․-ին գնացել են ոչ Հայաստանի քաղաքացիներ՝ 460.000 մարդ, որոնք եկել էին Ադրբեջանից, և 270.000 մարդ Հայաստանը թողել են 88-89թթ.-ին՝ աղետի հետևանքով»,- ասել է Բագրատյանը:
Պատգամավորը նաև ընդգծել է, որ 4-րդ տարին է՝ բյուջեի նախագծում գրված է, թե «աճի նման տեմպերը պայմանավորված են համաշխարհային տնտեսության վատացմամբ», մինչդեռ ամբողջ աշխարհում տնտեսական աճ է նախատեսվում:
Քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրել է՝ ինչո՞ւ չեն աշխատել այն արտոնությունները, որոնք Կառավարության առաջարկով ԱԺ-ի կողմից որոշ ոլորտներում տրվել են տնտեսվարողներին, ինչո՞ւ տնտեսությունում այդպես էլ շարժ չի եղել, այլ օգուտ են քաղել միայն մի քանի սուբյեկտներ: Պատգմավորը հիշեցրել է, որ ԱԺ-ն արտոնություններ էր տվել 50 միլիարդ և 40 միլիարդ դրամի չափով արտադրանք արտահանողներին և դրսում գործող շինարարական կազմակերպություններին:
«Իսկ 2016 թվականի պետբյուջեով սպասվում է՝ արտահանման ծավալները՝ -4.5 տոկոս, ներկրմում՝ -20 տոկոս: Գուցե նախագծերը չե՞ն աշխատում»,- հարցրել է Մելքումյանը:
«Գուցե, եթե այդ օրենքները գործեին, հարկերը ավելանային: Բայց կան մի շարք այլ գործոններ, որոնք բացասական են ազդում հարկերի վրա: Եթե հարկերի դինամիկայով նայենք՝ պետք է և մինուսները, և պլյուսները հաշվի առնենք»,- պատասխանել է Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: