«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալները բաց նամակ են ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին․ նրանք պահանջում են վերջ դնել Վաղաժամ ազատ արձակման անկախ հանձնաժողովի «արատավոր գործունեությանը» և լուծել կալանավորների վաղաժամկետ ազատման հարցը:
ՔԿՀ-ի կալանավորները Armtimes.com կայքին փոխանցել են բաց նամակի տեքստը, որի տակ այս պահի դրությամբ ստորագրել է թվով 88 կալանավոր:
Բաց նամակն ամբողջությամբ․
«Մեծարգո պարոն նախագահ, մենք՝ Վարդաշեն ՔԿՀ-ի դատապարտյալներս, շուրջ 100 հոգի, հույսով և հավատով դիմում ենք ձեզ որպես մեր պետության ղեկավարի եւ Սահմանադրության պաշտպանի, համոզված լինելով, որ միայն Դուք կարող եք վերջ դնել այսպես կոչված «անկախ հանձնաժողովի» արատավոր գործունեությանը, որն իրականում գործում է ոչ թե Սահմանադրությամբ և դրանից բխող օրենքներով, այլ՝ կամայական, ոչ մի բանով չարդարացված, մարդկային բարոյական բոլոր նորմերն արհամարհելով, առանց որեւէ տրամաբանության, խախտելով արդարադատության իրականացման բոլոր սկզբունքները:
Ազատազրկման վայրերում, դատապարտյալների մոտ գիտակցաբար ստեղծվում է այնպիսի բացասական բարոյահոգեբանական իրավիճակ, որը հղի է շատ անկանխատեսելի և վտանգավոր հետևանքներով: Հարգելի պարոն նախագահ, այսօր, ըստ գործող օրենքի, հարյուրավոր դատապարտյալներ իրավունք ունեն վաղաժամկետ ազատման կամ պատժատեսակի փոփոխման: Սակայն անկախ հանձնաժողովի քմահաճույքով դա տեղի չի ունենում արդեն տարիներ շարունակ, ինչի արդյունքում դատապարտյալները ստիպված դիմում են Ձեզ և ծայրահեղ քայլերի:
Այս պահին միայն «Վարդաշեն» ՔԿՀ-ում շուրջ 10 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անկախ հանձնաժողովի բացասական անհիմն, ոչ պատճառաբանված որոշումները: Այդպիսի անպատասխանատու գործունեությունը հանձնաժողովի կողմից՝ կարող է հանգեցնել շատ վատ և անկանխատեսելի հետեւանքների:
Մարդիկ դատապարտված են ըստ օրենքի և իրավացիորեն պահանջում են այդ օրենքը կիրառել ամբողջությամբ, թույլ տալ նորից վերադառնալ նորմալ մարդկային կյանքի:
Հարգելի պարոն նախագահ, «Վարդաշեն» ՔԿՀ-ի բոլոր դատապարտյալներս արդարացված ենք համարում մեր ընկերների կողմից հացադուլ հայտարարելը և եթե վերջ չդրվի անկախ հանձնաժողովի կամայական գործունեությունը, ապա հնարավոր է, որ հացադուլավորների թիվը տասնապատկվի:
Մեծարգո ՀՀ նախագահ, դիմելով Ձեզ, հուսով ու հավատով սպասում ենք Ձեր կողմից այս շատ կարևոր հարցի շուտափույթ և դրական լուծմանը»:
Նշենք, որ խնդիրը լուծելու պահանջով «Վարդաշեն» ՔԿՀ֊ում կիրակի հացադուլ է սկսել պահեստազորի փոխգնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը։ Երեկ նրան միացել են ևս 7 կալանավորներ։