Home / Հայաստան / Հանրաքվեից առաջ իշխանությունն օգտագործում է վարչական ռեսուրսը․ հայտարարություն

Հանրաքվեից առաջ իշխանությունն օգտագործում է վարչական ռեսուրսը․ հայտարարություն

ՀՀ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական քարոզարշավի մեկնարկից՝ հոկտեմբերի 10-ից ի վեր սկսել են վարչական ռեսուրսի օգտագործումը։ Այս մասին հայտարարում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Տարածած հայատարարության մեջ կազմակերպությունը վարչական ռեսուրսի օգտագործման մի քանի օրինակ է ներկայացնում։ Մասնավորապես, նշվում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ քարոզչական շտաբի պետի պաշտոնում է աշխատելու, իսկ պետի տեղակալի պաշտոններում նշանակվել են ինքնակառավարման մարմինների վրա մեծ ազդեցություն ունեցող այլ պաշտոնյաներ, օրինակ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

«Հարկ է նշել, որ Աբրահամյանը նախընտրական շտաբներ ղեկավարելու հարուստ փորձ ունի. նա 2008 և 2013 թվականների նախագահական ընտրություններին գլխավորել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, իսկ 2012-ի խորհրդարանական ընտրություններին եղել է ՀՀԿ շտաբի ղեկավարը։ Երեք ընտրությունների արդյունքում էլ ՀՀԿ-ն կամ նրա թեկնածուն հայտնվել են առաջին տեղում, սակայն այդ ընտրությունների գործընթացի և արդյունքների օրինականությունը կասկածի տակ է դրվել ինչպես ընդդիմադիր քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, դիտորդ կազմակերպությունների կողմից: «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում առկա չէ վարչական ռեսուրսի օգտագործումն արգելող կամ սահմանափակող որևէ դրույթ, իսկ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց ընդհանրապես չի արգելվում քարոզչություն իրականացնելը, ինչպես և առկա չէ վարչական ռեսուրսի օգտագործումն արտոնող որևէ դրույթ: Չնայած որ 2015թ. հունիսի 10-ին Էական փոփոխություններ են կատարվել այս օրենքում, քարոզչության սուբյեկտներին վերաբերող դրույթները թողնվել են անփոփոխ, ինչով և իշխանությունները հարմարավետորեն հիմնավորում են վարչապետի կողմից շտաբի պետի պաշտոնի ստանձնման օրինականությունը»,֊ ասված է կամզակերպության հայտարարության մեջ։

Ինչպես նշում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր են գրանցվել ուսումնական հաստատություններում։ Մասնավորապես, Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում տեղի է ունեցել քննարկում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որտեղ հանդես են եկել միայն «այո»-ի ջատագովները՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակած հանձնաժողովի անդամներ Գագիկ Ղազինյանը և Գևորգ Դանիելյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղազինյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանն է, իսկ Դանիելյանը՝ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը, ապա նրանց կողմից տարվող քարոզչությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ուսանողների կարծիքի ազատ ձևավորման վրա», ֊ ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Սահմանադրական փոփոխությունների ծրագիրը նախաձեռնել է գործող իշխանությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Փոփոխությունները նախատեսում են նվազեցնել նախագահի դերը՝ մեծացնելով խորհրդարանինը: Սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկողները նշում են, որ Սերժ Սարգսյանն այդքանով ցանկանում է շարունակել ղեկավարի երկիրը՝ հանդիսանալով իշխող կուսակցության ղեկավար։