Արմավիրի մարզի Հայկանուշ գյուղի բնակիչ Լարիսա Ասրյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին խնդրում է մեկնաբանել 12 տարվա ազատազրկման դատապարտված իր որդու գործով մեղադրող դատախազ Արսեն Աղաբեկյանի՝ մեղադրյալների ծողներին ուղղված հետևյալ հայտարարությունները․ «Իմ մեղադրականը չկա ըտենց մարդ, որ կոտրի», «Այ ըտենց, թող գնան, 10-12 տարի փտեն բերդերում, դառնան խաղամոլ, ձեր տներն էլ ծախեք, չկարանաք փրկեք»։
Ասրյանը Կոստանյանին ուղղած նամակում նաև հիշատակում է դատավարության ընթացքում Աղաբեկյանի հնչեցրած այլ հայտարարություններ՝ ուղղված տուժողներին․ «Էտ թուլափայն էլ է քեզ շատ, էդ խոսքերիդ համար», «Էդ քեզ փո՞ղ են տալիս, որ ամեն դատին գալիս ես» և փաստաբանին՝ «Ողորմելի, խղճուկ, դու քո մասնագիտությանը լավ չես տիրապետում, եթե լավ մասնագետ լինեիր, քո պաշտպանյալն այս վիճակում չեր լինի»։
«Այսինքն, պարոն գլխավոր դատախա՛զ, պարոն Աղաբեկյանն անուղղակի ձևով ընդունում է, որ եթե իմ տղան ունենար լավ փաստաբան, նման անօրինական դատավարություն չէր լինի», ֊ գրել է Ասրյանը։
Ասերյանի որդին՝ Արգիշտի Սարիբեկյանը, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ ավազակային հարձակում և երկու գողություն կազմակերպելու մեղադրանքով։ Երիտասարդը պնդում է, որ կապ չունի գողությունների հետ, աշխատում է Ռուսատանում և Հայաստան էր եկել փաստաթղթային հարցերով։
Ասրյանի խոսքով՝ դատախազ Աղաբեկյանն ասել է․ «Ես իրավական հիմքեր չունեմ, չեմ կարող ապացուցել, բայց քո տղան է կազմակերպիչը»։
Կինը պնդում է՝ իր որդին ամբաստանյալի աթոռին է հայտնվել գողության մեջ մեղադրվով անչափահաս Կարեն Խաչատրյանի սուտ ցուցմունքով։
«Հարգելի գլխավոր դատախազ, միայն այն փաստը, որ անչափահասից ցուցմունքները վերցրել են անօրինական ձևով, առանց ծնողի, առանց ուսուցչի և առանց փաստաբանի, ծեծի ու հոգեբանական ճնշման միջոցով, 10 ժամ պահելով քրեականի նկուղում, բավարար է։ Ծնողը զանգել է Գագիկ Շամշյանին, և Շամշյանի գրասենյակից պատասխան զանգ է գալիս քաղմաս, նոր միայն ծնողին թողնում են որդու մոտ: Երկրորդ լրացուցիչ հարցաքննությունը, որ իբրև թե, ամիս ու կես հետո անչափահասը նորից հարցաքննվել է, բոլորովին կեղծիք է։ Խաբեությամբ մոր և որդուն տալիս են դատարկ թուղթ և ասում, որ ստորագրեն, համոզելով, որ դա առաջին ցուցմունքի կրկնությունն է լինելու: Այդ ցուցմունքվ ևս մի դրվագ գողություն են ավելացնում որդուս վրա: Եվ որպեսզի հիմնավորեն իրենց արարքը, երկու տարբեր օրերի կատարած գողությունը գրում են նույն օրում կատարված: Անչափահասի մայրը դիմում-բողոք է գրել, թե առաջին ատյանի դատարանին և թե Վերաքննիչ դատարանին, բայց ոչ մեկն էլ այդպես էլ չանրադարձավ այդ դիմումին», ֊ գրել է Ասրյանը:
Իր նամակում նա Գևորգ Կոստանյանին նաև խնդրում է միջամտել, որպեսզի «վերականգնվի արդարադատությունը»: