հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Արմեն Աշոտյանի վարած հաղորդումը ծաղր է հավասարության սկզբունքի նկատմամբ․ ՀԱԿ

Արմեն Աշոտյանի վարած հաղորդումը ծաղր է հավասարության սկզբունքի նկատմամբ․ ՀԱԿ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը իշխանություններից պահանջում է եթերից հանել սահմանադրական փոփոխությունների վերաբերող «Եռանկյունի» հաղորդաշարը, որը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ։

«Հանրային հեռուստատեսությունում քարոզչության հենց առաջին օրը բացված «Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ։ Այդ հաղորդաշարը վարում է ոչ այլ ոք, քան իշխող կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Սա քիչ է, այդ հաղորդաշարի համար նաև հավաքվել է կողմնակալ լսարան՝ հաղորդման ժամանակ ընդդիմության վրա հաղորդավարի հարձակումներին ծափահարելու համար։ Ակնհայտ է, որ իշխող ռեժիմը վախենում է հանրային հեռուստատեսությամբ «Այո»-ի և «Ոչ»-ի համար հավասար պայմաններով բանավեճի կազմակերպումից։ Աշխարհում գոյություն չունի դեմոկրատական երկիր, որում հնարավոր լիներ, որ հանրային (կամ անգամ մասնավոր) հեռուստատեսությունում բանավեճի վարողի դերում լիներ ոչ թե անաչառ և անկողմնակալ լրագրող, այլ իշխող կուսակցության ղեկավարներից մեկը։ Այս ամենը շահերի ակնհայտ բախում է պարունակում և ցույց է տալիս ռեժիմի պատկերացումները ժողովրդավարության մասին։

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ սահմանադրության փոփոխման հանձնաժողովի նախագահ դառնալուց և դրա քարոզչության մեջ ակտիվ ներգրավումից հետո սա երկրորդ օրինակն է, որ ցուցադրում է ռեժիմի արհամարանքը ժողովրդավարության և ազատ խոսքի տարրական սկզբունքների նկատմամբ, ինչպես նաև ամեն գնով Սահմանադրությունը փոխելու գերշահագրգռությունը։ Սա նաև ևս մեկ անգամ մատնում է իշխանությունների ստախոսությունն ու խաբեբայությունը՝ թե Սահմանադրությունը փոխվում է հանուն Հայաստանի ու նրա ժողովրդի բարեկեցության։

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է իշխանություններից անմիջապես հրաժարվել սահմանդրական հանրաքվեի լեգիտիմությունը խարխլող այս հերթական քայլից և ստեղծել հանրային բանավեճի այնպիսի ձևաչափ, որը կվարեն չեզոք և անկողմնակալ դիրքով պրոֆեսիոնալները և կապահովվի լսարանի հրավիրման հավասար իրավունքները «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցների համար», ֊ ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։

Նշենք, որ «Եռանկյունի» հաղորդաշարի առաջին հաղորդման հյուրեր են էին սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իշխող ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը և «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։