Հուլիսի 5-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող կանաչ տարածքում և հուլիսի 25-ին Բուսաբանական այգում տեղի ունեցած հրդեհների հետևանքով վնասված բուսականությունը պատկան մարմինները դեռևս չեն վերականգնել։ Հուլիսի վերջին «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը նամակ էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հարցնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու կանաչ տարածքների վերականգնման համար։
Երևանի քաղաքապետարանը նշել էր, որ այդ տարածքները գտնվում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տնօրինության տակ, այդ իսկ պատճառով խմբի բարձրացրած հարցերը, այդ թվում նաև բուսաբանական այգու պարիսպների և ոռոգման ցանցի վերականգման հարցերը, որոնք ֆինանսական ներդրումներ են պահանջում, գտնվում են Ակադեմիայի իրավասության ներքո:
Միևնույն ժամանակ քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ աշնանային ծառատունկի ժամանակ քաղաքապետարանը պատրաստվում է հատկացնել որոշակի քանակի տնկիներ՝ նշված տարածքները վերականգնելու համար:
Epress.am-ը փորձել է ճշտել քաղաքապետարանից, ինչպես նաև ԳԱԱ-ից այգիներում կատարվող աշխատանքների մասին: Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ ծառատունկերի հարցով ևս անհրաժեշտ է դիմել ԳԱԱ-ին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող այգու ճակատագրի մասին գրեթե ոչ ոք պատասխանատվություն չի համարձակվում ստանձնել: Իսկ ահա ՀՀ ԳԱԱ Բուսաբանական ինստիտուտից մեզ տեղեկացրել են, որ բուսաբանական այգու այրված տարածքների 90 տոկոսը, որը խոտածածկ էր, արդեն իսկ վերականգնված է, իսկ մի քանի ծառերի հարցն էլ այժմ լուծվում է, քանի որ նախատեսվում է ծառեր տնկել աշնանը և գարնանը (թեև տնկիները դեռևս հոկտեմբերին էր նախատեսվում տնկել): Ինչ վերաբերում է բարձրացրած այլ խնդիրներին, ինչպես, օրինակ, բուսաբանական այգում ոռոգման համակարգի և պարիսպների կառուցմանը, ապա ինստիտուտից տեղեկացրին, որ այդ հարցերի ֆինանսավորմամբ դեռևս սեպտեմբերին դիմել էին կառավարությանը, սակայն վերջինից այդպես էլ չեն ստացել անհրաժեշտ ֆինանսավորումը:
Լուսանկարը՝ Mikael Zolian օգտատիրոջ Facebook֊ի էջից