ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոնի հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման գործընթացում նախնական տվյալներով հափշտակվել է 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Այս մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
«ՀՀ քննչական կոմիտեի՝ մի քանի այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերի բնօրինակները փաստում են, որ նշված համակարգի ստեղծման համար սարքավորումների ձեռքբերման ընթացքում ներկայացվել են ուռճացված գներ, հաշիվ-ապրանքագրերում ներառվել կեղծ տեղեկություններ», ֊ նշում է Քննչական կոմիտեն։
2013 թվականի օգոստոսի 21-ին «Էյ Ար-Այ Սի Թի» ընկերությունը ՀՀ ՊՆ-ի հետ ստորագրել է պայմանագիր՝ ՀՀ ԶՈՒ օպերատիվ կառավարման և իրավիճակների վերահսկման կենտրոնի հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ։ Պայմանագրի արժեքը կազմել է 485 միլիոն 831 հազար 189 ՀՀ դրամ։
Քննչական կոմիտեն նշում է, որ նշված ընկերությունն ուռճացված գներ է ներկայացրել՝ օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում նման համակարգ չկա, և այն ստեղծելու համար անհրաժեշտ է եղել սարքավորումներ ձեռք բերել արտերկրում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք հնարավորություն չեն ունեցել ներկայացված գնային առաջարկն ուսումնասիրել և համեմատել շուկայական արժեքների հետ։
«ԱՄՆ-ից և Վրաստանից ստացվել են տվյալ երկրներում գործող տարբեր ընկերություններից սարքավորումներ ձեռք բերելու վերաբերյալ «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերության գործարքների արժեքների մասին փաստական տվյալներ, պարզվել կատարված հափշտակության մեխանիզմը։
Նախնական քննության արդյունքների համաձայն՝ կատարված խարդախությունը թաքցնելու նպատակով ձեռք են բերվել պայմանագրի տեխնիկական տվյալներին համապատասխան ապրանքներ, սակայն նշված ընկերության տնօրենի կողմից դրանց վերաբերյալ պատրաստվել են կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր. մուծվել է պայմանագրով նախատեսված հարկային պարտավորությունների ողջ գումարը, իսկ հափշտակված գումարներն ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ձևակերպվել են որպես կրեդիտորական պարտքեր:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2015թ. հոկտեմբերի 28-ին որոշում է կայացվել՝ քրեական գործով դեռևս 2014 թվականին որպես մեղադրյալ ներգրավված «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերության տնօրեն Աշոտ Սարգսյանի մեղադրանքի ծավալը փոփոխելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար՝ 454 հազար 916,65 ԱՄՆ դոլարին համարժեք 186 միլիոն 136 հազար 612 ՀՀ դրամ հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Առանձնապես խոշոր չափերի խարդախություն) : Վեջինս գտնվում է նախնական կալանքի տակ:
Քննության արդյունքների մասին հավելյալ տեղեկություններ այս փուլում հրապարակման ենթակա չեն», ֊ նշում է Քննչական կոմիտեն։