Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի 22֊ամյա բնակչուհի Շոիրա Ջոբիրովայի դին նոյեմբերի 11֊ի առավոտյան հանձնվել է հարազատներին․մայրաքաղաքում տեղակայված 201֊րդ ռուսական ռազմաբազայի տարածքում աղջկան բռնաբարելու ու սպանելու կասկածանքով տեղի իրավապահ մարմինները ձերբակալել են սպա Իվան Շերբակովին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ասել է՝ աղջկան սպանել է «ալկոհոլի ազդեցության տակ ու ոչինչ չի հիշում»։
Դիահերձարանի աշխատակիցները «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությանը հայտնել են, որ Շոիրայի ծնոտը կոտրված էր, ծոծրակին առկա էին ծեծի հետքեր․ «Աչքերի տակ սև հետքեր են, իսկ մի ոտքն ուժեղ ոլորված է»։
Շոիրայի հարազատներն աղջկա դին վերցրել են Տաջիկստանի Պաշտպանության նախարարության ռազմական հոսպիտալից։ Նրանք լրագրողներին հայտնել են, որ Շոիրան տանից դուրս է եկել նոյեմբերի 5֊ի երեկոյան ու այդպես էլ չի վերադարձել։ Մահվան լուրը հարազատներն իմացել են նոյեմբերի 9֊ին՝ ոստիկանական բաժանմունք դիմելուց հետո։ Աղջկա եղբոր՝ Բոբո Ջոբիրովի խոսքով, Շոիրային սպանելուց հետո Շերբակովը դին նետել է ռազմաբազայի մետակայքում գտնվող աղբամանը։
Աղջկա մայրն, իր հերթին, փոխանցել է Շոիրային 201֊րդ ռազմակայանի հանրակացարան հասցրած տաքսու վարորդի խոսքերը, համաձայն որի, «երբ հասանք, աղջկան դիմավորեցին չորս զինծառայողներ ու ներս տարան»։
Երեքշաբթի՝ նոյեմբերի 10֊ին, Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովն ընդունել է Տաջիկստանում ՌԴ դեսպան Իգոր Լյակին֊Ֆրոլովին ու իր մտահոգությունը հայտնել ռուսական ռազմաբազի տարածքում Ջոբիրովայի բռնի սպանության կապակցությամբ։ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ նախարարը դեսպանին ասել է, որ տեղի ունեցածը չի համապատասխանում «մեր երկրների միջև ավանդական բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգուն»։
ՌԴ դեսպանին նաև հանձնվել է Տաջիկստանի ԱԳՆ կողմից բողոքի նոտա, որում, մասնավորապես, ասված է․ «Տաջիկական կողմը պահանջում է՝ ռուսաստանյան կողմն օբյեկտիվ գնահատական տա տեղի ունեցածին ու ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ հետագայում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից նման արարքների կանխման ուղղությամբ»։
Նշենք, որ Շերբակովը գտնվում է Դուշանբեի համար 1 ՔԿՀ֊ում, որտեղ կմնա մինչև քննության ավարտը։ Քրեական գործ են հարուցել և՛ տաջիկական, և՛ ռուսաստանյան իրավապահ մարմինները։