Վանաձորի բնակիչ Անդրանիկ Սերգոյանը դատարանի միջոցով պահանջում է քաղաքի 8 համատիրություններից իրեն ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են իրականացնում։ Asparez.am֊ը գրում է, որ Վանաձորում քաղաքացու հայցադիմումի հիման վրա առաջին անգամ է դատական գործընթաց սկսվել:
Դեռևս 2015 թվականի ապրիլի 9-ին Սերգոյանը հարցում էր արել՝ տեղեկանալու Վանաձորի 58 համատիրության կատարած աշխատանքների մասին, սակայն մինչ օրս 8՝ Մուշ, Սասուն, էվրիկա, Կենտրոն, Հովսեփի կամուրջ, Ուրարտու, Սեբաստիա, Ցալկուտ համատիրության ղեկավարներից պատասխան չի ստացել։
«Երբ լրացավ հարցման պատասխանի 5-օրյա ժամկետը, ես չզլացա և զանգեցի իմանալու, գուցե տեղ չի հասել: 58-ից ուղիղ կեսը չգիտեր՝ ինչի՞ համար է այդ հարցումը: Երկու շաբաթ անց կրկին զանգեցի և բացատրելուց հետո, որ օրենքով քաղաքացին իրավունք ունի իմանալու համատիրության աշխատանքի մասին, ընդհուպ մինչև հավաքված վճարներն ու ծախսվող գումարները, թեկուզ ուշացումով՝ մի մասը պատասխանեց, իսկ այդ համատիրությունների ղեկավարները իմ հարցմանը՝ երբ կլինի պատասխանը, ասում էին՝ «Ձեր օրենքը մեզ հետաքրքիր չէ» և այդպես էլ չպատասխանեցին», ֊ նշել է Սերգոյանը:
Համատիրության ղեկավարներին սթափեցնելու համար հունիսի 19-ին Սերգոյանը հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով պատասխանել իր հարցմանը. «Հոկտեմբերի 22-ի դատական նիստին 5 համատիրությունից ընդհանրապես ներկայացուցիչ չկար, մեկը ներկայացել էր առանց լիազորագրի և հեռացվեց դահլիճից: Դատական նիստին մասնակից Սասուն և Մուշ համատիրության ղեկավարներին դատավոր Բորյա Գրիգորյանը ժամանակ տվեց մինչև նոյեմբերի 27-ը՝ հաջորդ դատական նիստի օրը, պատասխանել հարցմանը: Չպատասխանելու դեպքում դատական նիստը կշարունակվի»:
Կայքը նշում է, որ Սերգոյանը որևէ տույժ ու տուգանքի մասին չի խոսում, կարևորը՝ համատիրության ղեկավարներին սթափեցնել և սովորեցնել, որ նրանք պարատվոր են հաշվի նստել քաղաքացու հետ: