Home / Հայաստան / Գյումրիի բախումների քրգործով մեղադրյալներին ծանոթացնում են փորձաքննությունների հետ․ «ՀԺ»

Գյումրիի բախումների քրգործով մեղադրյալներին ծանոթացնում են փորձաքննությունների հետ․ «ՀԺ»

Գյումրիում այս տարվա հունվարի 15֊ին ցուցարարների և ոստիկանության միջև Գարեգին Նժդեհ փողոցում տեղի ունեցած բախման հետևանքով հարուցված քրեական գործի շրջանակներում այս օրերին Գյումրու քննչական վարչություն են հրավիրվում այն քաղաքացիները, որոնք այս գործում ներգրավվել են որպես մեղադրյալ․ քննիչները նրանց ծանոթացնում են քրգործով նշանակված փորձաքննության եզրակացություններին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Քրգործով մեղադրյալ ճանաչված Անուշավան Հարությունյանը, ով երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել, թերթի հետ զրույցում պատմել է, որ իրեն մի քանի օր առաջ հրավիրել են քննչական և ծանոթացրել իր հեռախոսազրույցների վերծանումներին․ «Հեռախոսային համարներն էին հանել, ժամանակը, թե ինչքան եմ խոսել ու ում հետ։ Այդ օրը ում հետ որ խոսել եմ, իրենց համարներն են եղել, իմ տնեցիների համարն է եղել, հարցնում էին՝ ում համարներն է, ասել եմ՝ ընտանիքիս անդամների։ Երևի իրենք մտածում են մե՞նք ենք կազմակերպել էդ օրվա ակցիան։ Հարցնում էին՝ ինչ֊որ մեկին զանգե՞լ կանչել ես զույցի։ Բայց նման բան չի եղել»։

Հարությունյանի խոսքով՝ երկրից չբացակայելու ստորագրությունն իրեն խանգարում է արտագնա աշխատանքի մեկնելու հարցում․ «Դա ինձ խանգարում է իմ գործերի համար ու առաջին հերթին չեմ կարող դրսում աշխատանքի գնամ։ Դեռ սպասում ենք, ձեռներս ուրիշ ճար չկա, որ ինչ֊որ բան անենք»։

Նշենք, որ բախումները տեղի են ունեցել բողոքի ակցիայի ընթացքում, երբ հազարավոր գյումրեցիներ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնել Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին։