հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կառավարությունը չի ուզում ստուգել Սերժ Սարգսյանի, նրա փեսայի և եղբոր մասին «օդում կախված լուրերը»

Կառավարությունը չի ուզում ստուգել Սերժ Սարգսյանի, նրա փեսայի և եղբոր մասին «օդում կախված լուրերը»

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է ստուգել «օդում կախված լուրերն» այն մասին, թե Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները միլիարդավոր դրամների հարկեր չեն վճարում՝ դա քողարկելով Հռոմի Պապի հետ հարաբերությունների բարելավման անվան տակ։

Իր խոսքում Փաշինյանը մի քանի անգամ մեջբերել է հատվածներ այս տարվա փետրվարի 12֊ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտնի ելույթից, երբ վերջինս խոսում էր ԲՀԿ այն ժամանակվա նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի մասին՝ ասելով, թե շարունակում են «օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»:

«Մասնավորապես, օդում կախված է այն լուրը, թե հանրապետության ողջ հեռուստատեսային գովազդը տնօրինում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Ավելի ճիշտ, ըստ օդում կախված լուրերի, ցանկացած հեռուստատեսային գովազդի փողի կեսը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։

Օդում կախված են շարունակում մնալ լուրերն այն մասին, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, որը հանրության շրջանում հայտնի է որպես Սաշիկ Սարսափազդու, 50 տոկոս փայ է մտնում բոլոր այն ռեստորաններում, արտադրամասերում և բիզնեսներում, որոնք իրեն դուր են գալիս։

Շարունակում են օդում կախված մնալ նաև Սերժ Սարգսյանի կողմից բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը…

Ես հորդորում են Հայաստանի Հանրապետության վարչապետին հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ և մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին», ֊ ասել է Փաշինյանը։

Պատգամավորին առաջինն արձագանքել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ասելով, որ «անհեթեթ լուրերը» միշտ էլ օդում կախված կմնան։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար֊նախարար Դավիթ Հարությունյանը, իր հերթին, նշել է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը իրականում պատասխան չի ենթադրում, պարզապես պատգամավորն օգտագործել է ամբիոնը իր հայտարարությունն անելու համար։ Ապա Հարությունյանը նշել է, որ եթե «Դուք ունեք չստուգված լուրեր, դրանք պահեք ձեզ», եթե կան փաստեր, պատգամավորը կարող է դիմել իրավապահ մարմիններին։

Փաշինյանն ընդգծել է, որ իր հարցը տալիս է ամենայն լրջությամբ, և որպես ԱԺ պատգամավոր հորդորում է այդ լուրերը ստուգել։ Դավիթ Հարությունյանը հրաժարվել է պատասխանել Փաշինյանի դիտարկմանը։