ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Ալեքսան Պետրոսյանը համարում է, որ ԵՏՄ֊ին անդամակցելուց հետո արտահանմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների համար ստեղծված որոշ խնդիրներ չեն լուծվել և հարկ կա զբաղվել դրանց լուծումներով։ Այս մասին Պետրոսյանը, ում ընտանիքին է պատկանում «ՄԱՊ» ընկերությունը, այսօր ասել է Ազգային ժողովում ԵՏՄ տարածքում ապրանքների շրջանառության մասին նոր համաձայնագրի քննարկման ժամանակ։ Համաձայնագիրը ներկայացրել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։
Պետրոսյանի խոսքով, մասնավորապես, հայաստանցի արտադրողները երբեմն ստիպված են լինում ԵՏՄ այլ երկրներ ապրանքներ արտահանելիս կրկնակի ԱԱՀ մուծել։
«Երբ ապրանքները մենք ուղարկում ենք Ռուսաստան, ինչ֊ինչ պատճառներով հետ է գալիս, և մենք նորից ենք ուղարկում, կրկնակի ԱԱՀ ենք մուծում։ Մի հատ ԱԱՀ ՌԴ-ում է մուծվում, մի հատ էլ [ապրանքը] ՀՀ սահմանի վրա է ԱԱՀ֊ով հարկվում: Նման բան առաջ չկար»,֊ասել է Ալեքսան Պետրոսյանը։
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը, պատասխանելով պատգամավորի դիտարկմանը, ընդունել է, որ ԱԱՀ֊ի հետ կապված խնդիրը կա․ վճարված երկու ԱԱՀ֊ներից մեկը պետք է արտահանողին վերադարձվի, սակայն այդ գործընթացը բարդ է։
«Հույս ունենք, որ հարկի հետ կապված խնդիրները կկարգավորվեն։ Հույս ունենք, որ դեկտեմբերի 21֊ին կայանալիք ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ այդ խնդրին վերաբերող արձանագրությունը կստորագրվի, ԵՏՄ մասին մայր պայմանագրում փոփոխություն կարվի և ԱԱՀ խնդիրները կկանոնակարգվեն»,֊ ասել է Կարայանը։
Պետրոսյանը բարձրացրել է ևս մեկ խնդիր․ «Եթե մասշտաբները համեմատենք, ավելի շատ ապրանքներ գալիս են ՌԴ-ից, քան Հայաստանից ուղարկվում են ՌԴ: Մեր մաքսային սահմանի վրա նրանցից նույնացման սերտիֆիկատ չենք պահանջում, բայց նրանք մեր ապրանքների համար նույնացման սերտիֆիկատ են պահանջում: Անօրինական գործընթաց է մեր ապրանքների նկատմամբ»։
Այս հարցին ի պատասխան Կարայանը խնդրել է պատգամավորին գրավոր հարցում պատրաստել․ «Մենք նաև կխնդրենք, որ ԵՏՄ հանձնաժողովը ևս ձեզ գրավոր պատասխանի։ Եվ դա հիմք կհանդիսանա, որ ձեզանից այլևս նույնացման սերտիֆիկատ չպահանջեն»։