Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներից ահազանգ է ստացել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ նույն անծանոթ մարդը, ցուցակներով զինված, այցելել է իրենց բնակարան և փորձել ճշտել տվյալ հասցեում գրանցված երեք ընտրողների դիրքորոշումը դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ: Այցելուն խնդրել է իրեն հստակ պատասխան տալ «այո՞» են ասելու, թե՞ «ոչ»։ Նա հանդես է եկել «Այո»-ի շտաբի անունից։
«Երբ քաղաքացին խորամանկելով հետաքրքրվել է ընտրակաշառքի մասին, անծանոթ այցելուն պատասխանել է, որ դեռ չի կարող ոչինչ ասել, բայց չի բացառվում, որ յուրաքանչյուր «այո»֊ի համար շտաբը գումար վճարի։
Մեր թղթակիցը փորձել է հենց «Այո»-ի Քանաքեռ Զեյթունի շտաբից մեկնաբանության ստանալ՝ արդյոք շտաբը մարդիկ ուղարկո՞ւմ է տարբեր հասցեներով, բնակիչների դիրքորոշումը ճշտում։ «Այո»–ի շտաբի կայքում նշված է, որ Քանաքեռ-Զեյթունի շտաբի պատասխանատուն թաղապետ Արտակ Հանիսյանն է։ Զանգահարելով շտաբ՝ մեր թղթակիցը պարզել է, որ դա Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) պետ Միհրան Պողոսյանի հետ կապ ունեցող «Քեթրին» ընկերության գրասենյակն է։ Հանիսյանը զանգահարելու պահին շտաբում չի եղել, փոխարենը լրագրողի հարցերին պատասխանելու լիազորություններ է հանդես բերել ոմն Ենոք Անդրեասյան։ Նա լրագրողից նախ պահանջել է հայտնել, թե որ հասցեից է ահազանգը։ Բացասական պատասխան ստանալով՝ Անդրեասյանը ասել է. «Չկա նման բան. ես ձեզ ասում եմ չկա։ «Այո»–ի շտաբը բնակարաններ չի այցելում և մարդկանցից դիրքորոշում պարզում»։
Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե իր զրուցակիցը «Այո-ի շտաբում ի պաշտոնե ով է պարզվել է, որ Ենոք Անդրեասյանը իրականում շտաբի անդամ իրեն չի համարում, նա «Քեթրին» ընկերության աշխատող է, զբաղվում է ընկերության տեղամասերի համակարգման ինչ-որ աշխատանքներով»,–գրում է թերթը։
«ՀԺ»֊ն պարզել է, որ Ենոք Անդրեասյանը արդարադատության գնդապետ է, մինչև 2012 թվականն աշխատել է ԴԱՀԿ֊ում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում