Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ֊ի տնօրեն, ՀՅԴ֊ական Մարտուն Մաթևոսյանի օգնական։ Այս մասին տեղեկացնելով` «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ նշանակման «մեկենասը» եղել է վաչապետ Հովիկ Աբրահամյանը։
Armtimes.com http://armtimes.com/hy/read/74688 -ի հետ զրույցում «Հայանտառ»֊ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը բացատրել է, որ ինքն ազատ հաստիք ուներ և առաջարկել է Տիգրան Խաչատրյանին աշխատանքի վերցնել, քանի որ նա «պատրաստակամ աշխատող» է։
«Ես ազատ հաստիք ունեի, բնականաբար, դիմել են, շատ նորմալ երիտասարդ է, պատրաստված: Ես Տիգրանին վաղուց եմ ճանաչել: Դեռ աշակերտ ժամանակից: Քննարկել ենք պարոն Խաչատրյանի հետ (Սուրեն Խաչատրյանի – հեղ․) և հիմնականում ես եմ առաջարկել, որ Տիգրանը տեղափոխվի Երևան, որովհետև ինքը բավականին լավ կրթություն ունի: Մասնագիությամբ տնտեսագետ է»,֊ ասել է Մաթևոսյանը։
Լրագրողի հարցին, թե Խաչատրյանը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես մարդ ծեծող, քրեական միջադեպերի ակտիվ մասնակից Մաթևոսյանն ասել է․ «Շատ են, չէ՞, այդպիսի երիտասարդները, որ հավաքվում են, խոսակցությունների ընթացքում մի քիչ ավելի տաքարյուն երիտասարդներ են լինում, որ ընկնում են այդպիսի պատմությունների մեջ: Ես կարծում եմ, որ սա այդ դեպքն է, որ ընկել էր այդ պատմությունների մեջ»։
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը կալանավորվել էր մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո, սակայն խափանման միջոցը փոխվել էր, և նա ազատ էր արձարկվել։
2013 թվականին նա ձերբակալվել էր Սուրիկ Խաչատրյանի տան բակում Ավետիք Բուդաղյանին սպանելու մեղադրանքով, սակայն քննչական մարմինը որոշել էր, որ Խաչատրյանն ինքնապաշտպանվել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։