Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում ադրբեջանական ուժայինների երեկ իրականացրած հատուկ գործողությունից հետո գիշերը հանգիստ է անցել։ Ոստիկանությունը, որը բախումներում տվել է երկու զոհ ու սեփական տեղեկություններով սպանել չորս մարդու, անցակետեր է տեղադրել ավանի մուտքերի մոտ։ Տեղացիները, իրենց հերթին, կազմակերպել են պարեկային հերթապահություն, խարույկներ վառել ու ողջ գիշերվա ընթացքում մնացել փողոցներում։
Նարդարանցիները պահանջում են իրենց հանձնել մահացածների դիակներն ու ազատ արձակել 14 ձերբակալվածներին, որոնց թվում է նախկին քաղբանտարկյալ, «Մահմեդական միասնություն» հասարակական կազմակերպության առաջնորդ Թալեհ Բագիրզադեն։
«Թուրան» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, երեկ ադրբեջանցի ոստիկանները նամազի ժամանակ ներխուժել են մզկիթ, հրաձգություն սկսել ու ձերբակալել աղոթողներին։
«Հենց ոստիկանությունն է առաջինը կրակ բացել անզեն մարդկանց ուղղությամբ՝ փորձելով վախեցնել նրանց։ Նրանք են առաջինը սպանել այն մարդկանց, ովքեր փորձել են կանխել Բագիրզադեի ձերբակալությունը»,֊ տեղի բնակիչներից մեկի խոսքերն է փոխանցում «Թուրանը»։
Միևնույն ժամանակ, ավանի բնակիչները սկսել են բարիկադներ կառուցել Նարդարանի շուրջ՝ թույլ չտալով տրանսպորտային միջոցների մուտքը ավան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր հերթին, արդեն հասցրել է զոհված ոստիկաններին հետմահու պարգևատրել շքանշանով՝ «կրոնական քողի տակ գործող ու սահմանադրական կարգը տապալել ծրագրող զինված հանցավոր խմբի չեզոքացման ժամանակ ցուցաբերած խիզախության համար»։
Ադրբեջանական Contact.az կայքը տեղի ունեցածի կապակցությամբ մի քանի հարց է ուղղում երկրի ղեկավարությանը․
֊ Ինչո՞ւ իրականացնել նման կոպիտ գործողություն նամազի ժամանակ, մարդկանց բերման ենթարկել զենքի գործադրմամբ ու զանգվածային հավաքի այնպիսի վայրում, որտեղ կային մեծ թվով կանայք ու երեխաներ,
֊ «Մահմեդական միասնության» առաջնորդները գրասենյակ ունեն Բաքվում ու պարբերաբար լինում են այնտեղ։ Նրանց կարելի էր ձերբակալել այնտեղ կամ ճանապարհին։ Ինչո՞ւ ջարդ կազմակերպել Նարդարանի կենտրոնում՝ իշխանությունների դեմ տրամադրելով տեղի բնակիչներին։
«Իշխանությունների պնդումները Բագիրզադեի կողմնակիցների զինված իշխանափոխության մտադրությունների վերաբերյալ ծիծաղելի են ու ոչ համոզիչ։ Դա, ամենայն հավանականությամբ, փորձ է արդարացնել զոհերի մեծ թիվն ու պատասխանատվությունից ազատել գործողությունն իրականացնողներին»,֊ եզրակացնում է կայքը։