Home / Հայաստան / Գյումրիի ռադիո «Մարիամի» ղեկավար կազմի գտնվելու վայրը հայտնի չէ․ «Ասպարեզ»

Գյումրիի ռադիո «Մարիամի» ղեկավար կազմի գտնվելու վայրը հայտնի չէ․ «Ասպարեզ»

Նոյեմբերի 25-ին ԱԱԾ֊ի աշխատակիցները խուզարկություն են կատարել Գյումրիում տեղակայված «Մարիամ» ռադիոկայանի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակում և հարցաքննության համար իրենց հետ տարել մասնաճյուղի ղեկավար Հայր Անտոն Ծայրագույն Թոթոնջյանին և լրագրողների աշխատանքը համակարգող Լիլիթ Թորոսյանին։ «Ասպարեզ» օրաթերթը նշում է, որ վերջիններիս գտնվելու վայրը հայտնի չէ։ ԱԱԾ֊ի խուզարկությունը կապված է եղել Երևանում ձերբակալված խմբի գործի հետ։ Ըստ ԱԱԾ֊ի՝ հանցավոր խմբի անդամների ղեկավարը Արթուր Վարդանյանն է։ Վերջինս վերոնշյալ ռադիոկայանին 3 անգամ հարցազրույց է տվել, խոսել Քեսաբի ազատագրման մասին։

«Ասպարեզ»-ը զրուցել է ռադիո «Մարիամի» աշխատակիցներից մեկի հետ, որի ցանկությամբ, անունը, ազգանունն ու լուսանկարը չի հրապարակում:

«Առավոտյան ինն անց կես եկա աշխատանքի ու տեսա, որ շենքը խուզարկում են: Ես չհասցրի ներս մտնել, քանի որ բոլոր աշխատողներն արդեն դուրսն էին: Նրանք ժամը իննին էին եկել աշխատանքի, իրենց, առանց բան ասելու, դուրս էին հրավիրել», ֊ ասել է ռադիոկայանի աշխատակցուհին: Նրա խոսքով՝ իրենց էլ հետաքրքրում է ղեկավար կազմի գտնվելու վայրը, բայց իրենք ոչ մի պարզաբանում չեն ստացել։

Թերթը փորձել է կապ հաստատել ԱԱԾ֊ի լրատվական ծառայության հետ, սակայն հեռախոսազանգերին այնտեղ չեն պատասխանել։ 

Այս պահին դադարեցված է նաև ռադիո «Մարիամի» հեռարձակումը, որն իրականացվում էր ռադիոկայանի կայքի միջոցով։ Ռադիո «Մարիամը» հեռարձակվում է ամբողջ աշխարհում՝ կաթոլիկ եկեղեցու հովանավորությամբ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում