Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ֊ին հանձնված պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանի մոտ սոմատիկ հիվանդություններ չեն հայտնաբերվել, սակայն հոգեկան խնդիրների հետ կապված ազգականները մտահոգություններ ունեն, հայտնում է ArmLur.am-ը։
Հայրենադարձված ռազմագերու քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, կայքին հայտնել է, որ նրան հարազատներից ոչ ոք դեռևս չի տեսակցել. Անդրանիկի հետ քննչական գործողություններ են իրականացվում, նա կալանավորված է։
«Քննիչը մեզ ասել էր, որ կարող ենք արդեն գնալ նրան տեսակցելու, սակայն քրեակատարողական հիմնարկում բացատրեցին, որ Շուշի մտնելուց հետո 10 օր պետք է անցնի, որ կարողանանք տեսակցել: Իսկ Շուշի 7 օր առաջ է տեղափոխվել: Կարանտինի մեջ է հիմա»,- ասել է Հարությունյանը:
Նա նաև նշել է, որ Անդրանիկի մոտ հոգեկան ինչ-որ շեղումներ են նկատվում. «Ասում են՝ անհասկանալի շարժումներ է անում: Խառը-խառը բաներ է անում. գլուխը լավ չի: Ադրբեջանում ձեռք բերված այլ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Դատաբժշկական փորձաքննություն պետք է արվի, որպեսզի հասկանան՝ ինչպես վարվել Անդրանիկի հետ»։
Հարությունյանի խոսքով՝ եթե Անդրանիկ Գրիգորյանի մոտ առողջական խնդիրներ լինեն, քրգործը կկարճվի, հակառակ դեպքում՝ նրան ազատազրկում է սպասվում՝ մարտական հենակետը ինքնակամ լքելու մեղադրանքով:
Անդրանիկ Գրիգորյանը ղարաբաղա֊ադրբեջանական սահմանը հատել էր այս տարվա մարտի 22֊ին։ Զենք-զինամթերքը նա թողել էր մարտական հենակետում: Միջադեպից հետո ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել էր, որ զինվորի արարքը մեկնաբանության ենթակա չէ և ավելացրել․ «Կարծում ենք՝ ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն, որ նա միայնակ մինչև ատամները զինված հարձակվել էր Ադրբեջանի վրա, և նրանց ասկյարները մի կերպ են չեզոքացրել հայ ռեմբոյին»։
Հովհաննիսյանի մեկնաբանությունից մեկ օր անց ադրբեջանական ԶԼՄ֊ները տեսանյութ տարածեցին, որում երևում է, թե ինչպես է Գրիգորյանը՝ սպիտակ կտորը ձեռքին, քայլում տեսախցիկի ուղղությամբ։ Կադրից դուրս ինչ֊որ մեկն ադրբեջաներեն ասում է․ «Մի կրակեք, մի կրակեք, թող մոտենա, թող գա։ Մի վախեցեք, ինքը աջից է գալիս, այնտեղ ականներ չկան»։
Զինծառայողի հայրը՝ Արարատ Գրիգորյանը, Azatutyun.am-ին պատմել էր, որ որդին ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել։ Հոր խոսքով՝ վերջին անգամ, երբ Անդրանիկը տուն էր եկել, շատ անտրամադիր էր և այդպես անտրամադիր էլ հետ է գնացել զորամաս: Հեռախոսով ծնողները չէին կարողացել համոզել Անդրանիկին ինչ֊որ բան ասել իր վիճակի մասին: Արարատ Գրիգորյանի խոսքով՝ որդին զորամասի հրամանատարությանը խնդրել էր, որպեսզի փոխեն իր ծառայության վայրը: Գրիգորյաններն ապրում են Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղում: