Home / Հայաստան / Շատ բան սովորեցնող հեքիաթը․ «Ալիսը» 150 տարեկան է

Շատ բան սովորեցնող հեքիաթը․ «Ալիսը» 150 տարեկան է

Էսսե «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի մասին

Հեղինակ՝ Մարիա Ծատուրյան, 10 տարեկան 

Դե ինչ, պատմեմ Ալիսի մասին: Ինձ համար շատ-շատ հաճելի է: Ինձ թվում է, որ ես էլ մի քիչ Ալիս եմ: Հիմա որ պատմեմ, կհասկանաք: Իսկ դուք գիտե՞ք՝ ով է նա: Ալիսը փոքրիկ, հարցասեր ու հետաքրքրվող աղջիկ է: Երբ նա երազների աշխարհ ընկավ, այնտեղի հերոսները կարծես թե կախարդված լինեին: Նրանք ունեին արտասովոր դեմքեր, կառուցվածքներ և բնավորություններ: Անպայման պիտի պատմեմ այդ ճանապարհորդությունից, հատկապես ինձ համար ամենահետաքրքիր մասից, թե ինչպես է Ալիսը մտնում հրաշքների աշխարհ: Դե ուրեմն, ցած` դեպի ճագարի բույնը:

Ալիսը գետափի մոտ նստած ձանձրացել էր, որովհետև քրոջ կողքին նստած՝ անելու բան չուներ: Քույրը գիրք էր կարդում: Նա մի քանի անգամ նայեց գրքին, բայց անտեղ ոչ նկար կար, ոչ խոսակցություն: Ինձ շատ հետաքրքիր է. ինչպե՞ս էր կարդում այդ գիրքը: Ալիսը որոշեց ծաղկեպսակ հյուսել, բայց շոգ էր, և նրա քունը տանում էր, այդ պատճառով էլ ալարեց ծաղիկներ հավաքել: Եթե ես լինեի նրա տեղը, նույնպես կալարեի, բայց ի՞նչ կանեի հետո, երբ տեսնեի ամենահետաքրքիր հրաշքը: Դա կարմիր աչքերով, բաճկոնով Սպիտակ Ճագար էր, այո այո, անունով և հատուկ մականվամբ: Ալիսը չզարմացավ, ոչ ճագարի վրա, ոչ նրա խոսքերի՝ «Վայ, շատ եմ ուշանում»: Ես պատկերացնում եմ Ալիսին ու Ճագարին: Նա գնաց ճագարի հետևից առանց մտածելու, թե հետո ինչպես պետք է դուրս գար այնտեղից և մտավ ճագարի բույնը: Ես էլ հետաքրքրությունից կգնայի ճագարի հետևից, բայց կմտածեի դուրս գալու մասին: Ճագարի բույնը թունելի նման էր և կտրուկ ցած էր իջնում: Ալիսը չկարողացավ իրեն պահել և իսկույն ցած ընկավ թունելի միջով: Այնտեղ նա սկսեց մենախոսել: Ճիշտն ասած, ես էլ եմ հաճախ մենախոսում: Երբ նա տեղ հասավ, երկար մի միջանցք կար, որտեղով Սպիտակ Ճագարն էր վազում: Ճագարի հետևից գնալով՝ Ալիսը հասավ մի սրահ, որի շուրջը բազմաթիվ դռներ կային: Բոլոր դռները փակ էին: Նա փորձեց բացել դռները, բայց չկարողացավ: Ալիսը մի սեղան տեսավ, մոտեցավ սեղանին, որի վրա ոսկե բանալի կար: Նա փորձեց բանալիով բացել դռները, բայց ոչինչ չէր ստացվում: Հանկարծ աչքին ընկավ մի վարագույր. Ալիսը մոտեցավ և դրա հետևում նկատեց մի փոքրիկ դուռ: Փորձեց բանալին մտցնել և ի՞նչ. դուռը բացվեց: Ահա այստեղ է, որ ես շատ- շատ անհանգստանում էի, թե ինչ է լինելու. եթե բոլոր դռները փակ լինեն, մի՞թե ելք չկա, մի՞թե նույնիսկ մի հնարավորություն չկա: Բայց չէ, միշտ կա թաքնված այն դուռը, որը կարող ենք բացել, և որը մեզ կարող է դեպի ավելի ու ավելի անհավատալի հրաշքների տանել, ինչպես որ տարավ Ալիսին: Չէ՞ որ նա ամեն ինչ անում էր, որպեսզի մտներ հրաշալի պարտեզը: Եվ ես էլ նրա հետ էի՝ սկզբից մինչև վերջ: Հրաշքների աշխարհում ամեն ինչ իր հրաշքն է ներկայացնում: Օրինակ՝ խելահեղ թեյըմպումը իր խելահեղության մասին է պատմում, թե ինչպես կարելի է ժամացույցի հետ խոսել, իսկ ժամացույցի հետ խոսելն արդեն իսկ հրաշք է: Մութ սենյակի հյութը և կարկանդակները կարծես թե թույներ են, բայց ոչ թունավոր, իսկ թույնը էլ ինչո՞ւ է թույն կոչվում, եթե թունավոր չէ, և դա արդեն հրաշք է: Գեղատեսիլ պարտեզի չար կանոնները միայն հրաշքներում կարող են լինել: Իսկ եթե ասեմ, որ ամենաշատ սիրեցի նաև խոզն ու պղպեղը, հաստատ չեք հավատա: Մի տեսակ այնքան անհավանական անհավատալի է, որ սկսում ես հավատալ, ու գնում ես մի հրաշքից դեպի մյուսը:

 

Երանի հրաշքների աշխարհը իրական լիներ, և ես այնտեղ լինեի: Եթե կարողանայի, այնտեղ շատ բաներ կփոխեի, հատկապես կանոնները: Այդքան շատ կանոններ ոչ մի տեղ չես կարող տեսնել: Մի փոքրիկ սխալ կատարելու համար կգլխատեն: Եթե այդքան գլխատում էին մարդկանց, ինչպե՞ս է, որ դեռ այդքան շատ մարդ կար: Այնտեղ դեռ շատ հրաշքներ կային, բայց դրանք չես կարող թվարկել: Իսկ եթե ես գնայի, մի քիչ այլ կերպ կլինեի, ու կանոններ էլ կփոխեի: Այդ աշխարհն իր գեղեցկության շնորհիվ կարող է դառնալ ամենալավը: Իմ կարծիքով՝ Ալիսն այնտեղ իրեն շատ զուսպ էր պահում ու չէր փոխում կանոնները, այլ ենթարկվում էր դրանց: Դե ես գիտեմ, որ հեշտ չէ կանոններ փոխել, մանավանդ որ կպատժվեմ, բայց մտածում եմ՝ միգուցե փոխեի ու այդքան էլ զուսպ չլինեի: Չէ՞ որ այդ ամենը երազ էր: Իսկ Ալիսը պատկերացում անգամ չուներ, որ այդ ամենը երազ էր, և ինքը կարող էր փոխել: Երազներում զգում ես այն, ինչ որ իրականում ես զգում: Իմ կարծիքով՝ երազները նույն հրաշքներն են, և մենք հավատում ենք դրանց: Ես հավատում եմ հրաշքներին: Մտածում եմ, որ ես էլ իմ ճանապարհորդությունն եմ ունենալու և սրընթաց վայրէջքը կամ վերելքը դեպի թաքնված աշխարհ: Դեռ չգիտեմ՝ ով ինձ կկանչի, Ճագարը կլինի, թե մեկ ուրիշ հերոս, բայց հաստատ կլինի: Ու մեկ էլ ինձ թվում է, որ այնտեղ, երբ ավարտեմ հեքիաթս, ուրիշ դատավճիռ կլինի. նախ՝ չեմ թողնի, որ նույնիսկ երազի մեջ գլխատում լինի, որից այնքան վախեցավ Ալիսը, չէ՞ որ արդեն մենք այլ դարաշրջանում ենք, և այլ պատիժներ կան, և ես կպաշտպանեմ իմ իրավունքներն ու չեմ թողնի, որ առանց ինձ օրենքներ հնարեն ու կիրառեն: Բայց դե, իհարկե, ես էլ կհանդիպեմ շատ դժվարությունների, գուցե անցնեմ նույն ճանապարհով, գուցե ինձ համար էլ հեշտ չլինի համակերպվել կանոններին, արդեն զգում եմ, որ կարծես դժվար է: Բայց կարևորն այն է, որ ես գիտեմ. կա այդ աշխարհը՝ մի քիչ ավելի գունեղ ու գեղեցիկ ու տարբեր այն ամենից, ինչ մեր աշխարհն է: Ես էլ կունենամ իմ հերոսները, դեռ պիտի մտածեմ՝ իմ աշխարհում ինտերնետ կա՞, թե՞ չկա, մտածում եմ, երևի կլինի, վերջիվերջո պետք կգա: Բայց ամենակարևորը՝ խաղը կշարունակվի, և ես կխառնեմ բոլոր խաղաթղթերը, ամեն ինչ. Թագուհին էլ Թագուհի չի լինի, Թագավորն էլ այդքան իշխանություն չի ունենա, թող մի քիչ էլ հակառակը լինի, իմ դպրոցում էլ կլինեն արտադասարանային առարկաներ, ֆրանսերեն և երաժշտություն, այ դա շատ հավանեցի ու իհարկե, ոչ մի լվացք դասերից հետո, միգուցե ավելացնեմ զբոսաշրջություն և համակարգչային խաղեր: Մի խոսքով, վստահ եմ, որ բոլոր երեխաներն ունեն իրենց հրաշքների աշխարհը, ուղղակի մեծահասակներից շատ քչերն են դա տեսնում, ու ոչ միայն տեսնում, այլև գրի առնում, որ մյուսներին պատմեն: Իսկ այ թե ինչպես է Լուիս Քերոլը այդ ամենը հասկացել ու գրել, մի քիչ զարմանում եմ: Երևի ինքն էլ դեռ երեխա է մնացել և շատ է սիրել երեխաներին, երևի կարողացել է տեսնել երեխաներին ու ամբողջ աշխարհը հենց երեխայի աչքերով : Ես գիտեմ, որ Լուիս Քերոլը գիրքը գրել է 1865 թվականին: Հեղինակը գրել է այս հեքիաթը, որպեսզի բոլորը հավատան հրաշքներին: Հեղինակը գիտի, որ Ալիսն ու նրա նման աղջնակները հավատում են, որովհետև այդ ամենը հույս ու հավատ է, որպեսզի երեխաները երազեն, և ինչ իմանանանք՝ գուցե իրո՞ք հրաշքներ գոյություն ունեն: