Դեկտեմբերի 6-ին կայանալիք նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեից առաջ ընտրացուցակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում անճշտություններ կան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ««Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանը։ «Կոմպասի» ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի 9-ին Ոստիկանության կողմից հրապարակված պաշտոնական տվյալների հիման վրա:
«Վեց գործոններ ենք մշակել, որոնց հիման վրա առանձնացրել ենք ռիսկային առաջին 20 ընտրատեղամասերը, որոնց վրա պետք է մեծ ուշադրություն դարձնեն բոլոր շահագրգիռ կառույցները», – ասել է Հարությունյանը:
Նա նշել է, որ ուսումնասիրության հետևանքով բացահայտվել են 218 նույն անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ ունեցող քաղաքացիներ, 37 հազար 339 ընտրողների մոտ բացակայում են ծննդյան ամիսը և ամսաթիվը:
ՀԿ֊ի նախագահը պատմել է, որ որոշ տեղամասերում տարբերություն է եղել հիմնական ընտրական ցուցակում նշվածների և իրական ընտրողների ընդհանուր թվի միջև։ Հետազոտողներն առանձնացրել են ավելացած ընտրողներով 40 տեղամասեր, որոնք այդ ցուցանիշով համարել են ռիսկային տեղամասեր:
Հարությունյանը նաև նշել է, որ նախորդ ընտրություններից հետո փոփոխվել են տեղամասերը, դրանցում առկա մարդկանց քանակը․ «Կարող ենք ենթադրել, որ դա արվում է նմանատիպ վերլուծությունները որոշակի խառնելու, դժվարացնելու համար»:
Նա ընդգծել է, որ, օրինակ, Կոտայքի մարզի Սևաբերդի դպրոցի ընտրատեղամասում ընտրողների թիվն ավելացել է 845-ով։
«Կոմպասը» Գյումրի և Արմավիր քաղաքներում 60 հասցեներով ընտրովի դիտարկման արդյունքում բացահայտել է մի շարք հետաքրքիր փաստեր, որոնք ներկայացրել է «Կոմպասի» փորձագետ Կարեն Պետրոսյանը.
«Հասցեներից մեկում կա հաշվառված քաղաքացի, բայց ընտանիքի անդամները չեն ճանաչում նրան: Գյումրիում 10 հասցեից երեքը գոյություն չունի: Մեկ հասցե կա, որտեղ 26 անձ է գրանցված, բայց այդպիսի հասցե գոյություն չունի: [դիտարկված հասցեներում] կան 80 և ավել տարիք ունեցող քաղաքացիներ, որոնցից 10-ից երեքը մահացել են: Սա արդեն 30 տոկոս շեղման մասին է խոսում»: