Home / Տեսանյութեր / «Հանրաքվեին մոտ վարչական ռեսուրսի չարաշահումները շատանալու են»․ դիտորդները փաստեր են հավաքում

«Հանրաքվեին մոտ վարչական ռեսուրսի չարաշահումները շատանալու են»․ դիտորդները փաստեր են հավաքում

Հայաստանի իշխանությունների համար շատ վատ ավանդույթ է դարձել ընտրությունների ընթացքում օգտագործել իրենց ձեռքի տակ եղած վարչական ռեսուրսը։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում հայտարարել է Գյումրու ավագանու անդամ, լրագրողների «Ասպարեզ» ակումբի վարչության նախագահ Լևոն Բարսեղյանը։ Վերջինս հատվածներ է ներկայացրել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանդրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ ստեղծված «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 2-րդ ամփոփագրից, որտեղ մատնանշվում են քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումների դեպքերը։

Բանախոսը իշխանությունների ամենաաղմկալի քայլերից մեկն անվանել է նույնականացման քարտերով քվեարկությունը թույլ տալը։ Դրանով կես միլիոն մարդուց ավել հնարավորություն ստացան քվեարկել նույնականացման քարտով, սակայն, Գյումրու ավագանու անդամի խոսքով, դիտորդական առաքելությունները, քաղաքացիական հասարակությունը և ընդդիմության ներկայացուցիչները խիստ սահմանափակ գործիքներ ունեն նույնականացման քարտերով քվեարկությունը վերահսկելու համար։

«Պատկերացրեք, որ մարդուն նույնականացնելու են միայն քարտի վրա առկա լուսանկարով։ Ի՞նքն է, թե ինքը չէ։ Եսիմ, ի՞նքն է։ Հասցե չկա, մատյաններում պիտի նայեն, որ անուն- ազգանունը նույնը լինի ընդամենը և վերջ։ Շատ մեծ է ռիսկը, որ ինչ֊որ մոբիլ խմբեր կարող են կազմակերպվել և այդ խմբերը կարող են պտտվել ու քվեարկել բացակա ընտրողների փոխարեն», ֊ ասել է Բարսեղյանը։

Ամփոփագրում նաև ներկայացված են մարզպետների մակարդակով վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր։ Բարսեղյանն ասուլիսի ընթացքում մեկ օրինակ է ներկայացրել․ Մեղրիում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը քննարկում է կազմակերպել, որին միացել է նաև Մեղրիի քաղաքապետը։ Արդեն քաղաքը լքելուց հետո Մեղրիում նախապես գրանցված դիտորդներից 3-ը նախաձեռնությանը տեղեկացրել են, որ հրաժարվում են դիտորդական առաքելություն իրականացնել հանրաքվեի օրը՝ ասելով, թե իրենք ռիսկեր են տեսնում, իրենց աշխատանք են խոստացել և իրենք չեն ուզում այդ մեկ օրվա չարչարանքի պատճառով կորցնել այդ հնարավորությունը։

«Ակնհայտորեն տեսնում ենք, որ վարչապետից սկսած՝ մարզպետերով, համայնքապետերով, բոլորը հրամայական կերպով ներգրավված են «այո»֊ի քարոզարշավին։ Գյուղերում ինչ֊որ ցուցակագրումներ են ընթանում, անընդհատ այդ ահազանգերը կան, դրանք շատ֊շատ են», ֊ նշում է Բարսեղյանը։

Նա հատկանշական հանգամանք է համարել, որ դեկտեմբերի 6-ին հանրաքվեից առաջ իշխանությունները նաև Պաշտպանության նախարարին են ներգրավել քարոզչության մեջ․ «Մենք գիտենք, որ ավանդաբար՝ երևի 95 թվականից ի վեր, բանակը 7-ից 10 տոկոսանոց քվե է իշխանության թեկնածուի գրպանում։ Եվ ինչպես է քվեարկում բանակը, բոլորիս հայտնի է։ Անցած տարիներին մի քանի առաջարկ է եղել կամ բանակի քվեարկությունը հանել համապետական ընտրություններից, կամ այնպես կազմակերպել, որպեսզի չլինի տոտալիտար պրոցես․․․ Այս առաջարկները մերժվել են։ Հիմա էլ նախարարին ներգրավել են էս կրկեսի մեջ»։

Բարսեղյանի խոսքով՝ այդ ամենն իշխանությունների ցինիզմի հերթական դրսևորումն է՝ «հա, տեսեք, մենք կարող ենք անել, իշխանությունը մեր ձեռքում է»։

Բանախոսը կանխատեսել է, որ քանի մոտենա հանրաքվեի օրը, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերն ահագնանալու են։