Home / Տեսանյութեր / «Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ հանրաքվեի քարոզչության վերջին ակորդ»․ խախտումների մասին

«Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ հանրաքվեի քարոզչության վերջին ակորդ»․ խախտումների մասին

Նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի նախապատարաստական փուլում արձանագրվել է քարոզչության հավասարության խախտում, հատկապես հեռուստատեսությամբ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում քննարկման ժամանակ ասել է «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը։ Որպես օրինակ նա բերել է «Եռանկյունի» հաղորդաշարը, որը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ և որը վարում է Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ֊ական Արմեն Աշոտյանը, ով «Այո»-ի ներկայացուցիչ է, մինչդեռ, Հակոբյանի խոսքով, «Ոչ»-ի ներկայացուցիչներին հնարավորություն չի ընձեռվում հեղինակային ծրագիր վարել։

ՀԿ֊ի նախագահի խոսքով՝ դիտարկումները ցույց են տվել, որ այլ հեռուստաընկերություններում ևս հաղորդավարները դրսևորում են ակնհայտ կողմնակալություն, ինչը երևում է նրանց հարցադրումներից։ Բացի դրանից, բոլոր հաղորդումներում եզրափակիչ խոսքը միշտ տրվում է «Այո»-ի ներկայացուցիչներին։

Քննարկման մասնակից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով քարոզչության ընթացքում հայտնաբերած խախտումներին, նշել է, որ Ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընտրական հանձնաժողովներում չեն կարող ընդգրկվել համայնքների ավագանու անդամները։ Մինչդեռ դիտորդների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հանձնաժողովներում ընդգրկված 203 անձ հանդիսանում են ավագանու անդամներ, ընդ որում՝ բոլոր կուսակցություններից, մասնավորապես՝ ՀՀԿ֊ի 50 ադամներ, ՀՅԴ-ի՝ 22, ԲՀԿ-ի՝ 21, «Օրինաց երկրի»՝ 12 , Հայ ազգային կոնգրեսի՝ 10, «Ժառանգության»՝ 10։ Սաքունցը հավելել է, որ «Ժառանգությունն» այդ 10-ից 5-ին փոխարինել է, երբ հայտնաբերել է, որ նրանք նաև ավագանիների անդամ են։

«Սա վարչական ռեսուրսի ուղղակի օգտագործում է», ֊ ասել է իրավապաշտպանը։

Ամփոփելով հանրաքվեի նախապատարաստական փուլը՝ Սաքունցն ասել է, որ քարոզչության ընթացքում չի ապահովվել կարծիքների բազմազանություն և ազատ արտահայտվելու մթնոլորտ։

«Երբ Սերժ Սարգսյանն իր մոտ է հրավիրում մի շարք առաջատար կամ, այսպես կոչված, լսարան ունեցող լրատվական միջոցների ղեկավարներին և այդ հարզացրույցը որպես վերջին ակորդ ամենալայն ձևով հրապարակում է, և դրա փոխարեն նույն Հ1-ով որևէ տեղեկատվություն չի տրամադրվում այլ կարծիքներ ունեցող տեսակետներին, սա խոսում է ազատ մթնոլորտի բացակայության մասին», ֊ եզրափակել է իրավապաշտպանը՝ հավելելով, որ ոստիկանությունը ևս քարոզչության ողջ ընթացքում մատնված է եղել անգործության։