Շենգավիթ համայնքի 11/21 ընտրատեղամասում այսօր մի տղամարդ (լուսանկարում) փորձել է խոչընդոտել դիտորդ Լարա Ահարոնյանի աշխատանքը՝ պահանջելով ջնջել իր լուսանկարը։ Տղամարդը սպառնացել է հեռախոսը գետնին տալ։ Ահարոնյանը բացատրել է, որ, օրենքի համաձայն, դիտորդն տեսանկարահանելու և լուսանկարահանելու իրավունք ունի ընտրատեղամասում, սակայն տղամարդը շարունակել է սպառնալ, իսկ նրա հետ ընտրատեղամաս եկած մի կին սկսել է քաշել դիտորդի ձեռքից։
Ահարոնյանը դուրս է եկել տեղամասից, զրուցել է ոստիկանների հետ՝ պահանջելով վերահսկել իրավիճակը։
«Բացատրեցի, որ դիտորդն իրավունք ունի լուսանկարել և տեսանկարել, այնուհետև վերադարձա ընտրատեղամաս», ֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Ահարոնյանը։
Ահարոնյանի տրամադրած տեսանյութը.
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվում է նոր Սահմանդրության նախագծի հանրաքվեն, որը նախաձեռնել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։Համաձայն նախագծի, Հայաստանը խորհրդարանական կառավարման է անցնելու։ Սահմանադրության նախագծին դեմ են հանդես գալիս քաղաքական ուժեր՝ «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները, մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ, հասարակական կազմակերպություններ։