Սահմանադրության նախագծի հանրաքվեի ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրում Հայաստանի տարբեր ընտրատեղամասերում։
14։00-ից հետո ներկայացված խախտումների մի մասը․
14:03
06/06 (Աջափնյակ)։ Բազմակի քվեարկություն է եղել տեղամասում, ընտրողներին ուղղորդում են, հանձնաժողովը մերժում է գրանցել խախտումները: Անհայտ, չգրանցված անձինք դիտորդի և լրագրողի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել՝ պնդլով, որ նրանք պետք է դադարեցնեն դիտորդությունը և հսկողությունը:
14:27
09/17 (Կենտրոն, Աջափնյակ), Հանձնաժողովի նախագահի կնիքը հայտնվել էր հանձնաժողովի անդամ Սոնայի մոտ, իսկ Սոնայի կնիքը հայտնվել էր աղբամանում։ ԿԸՀ-ին տեղեկացրել են դեպքի մասին, քվեարկությունը դադարեցրել են մինչև կորած կնիքը գտել են աղբամանից:
14:31
28/20 (Կոտայք), Հանձնաժողովի անդամներից մեկը սպառնացել է դիտորդներին, թե լցոնումների նկարները ուղարկվելու դեպքում նրա «վերջը լավ չի լինի»:
14:42
29/11 (Լոռի), Մի քանի դեպք է գրանցվել է, երբ իբր հաշմանդամները քվեարկում են մեքենայի մեջ: Քվեաթերթիկը դուրս է բերվում տեղամասից, քվեարկությունը կազմակերպվում է տեղամասից դուրս՝ տրանսպորտային միջոցի մեջ, որից հետո քվեաթերթիկը վերադարձվում է տեղամաս՝ վստահված անձի կողմից:
14:43
03/15 (Քանաքեռ Զեյթուն, Նոր-Նորք), Ընտրողը տեղամասից դուրս գալիս կաշառք ստացավ օղու տեսքով:
14:43
10/08 (Կենտրոն, Նորք-Մարաշ), Տեղամասում ժամը 14:00-ի դրությամբ գրանցամատյանում կա 130 ստորագրություն, սակայն տրվել է 150 քվեաթերթիկ։
14:48
12/11 (Շենգավիթ, Էրեբունի), Հանձնաժողովի նախագահը, անդամները խոչընդոտել են դիտորդների աշխատանքը, կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ են հնչեցրել, ահաբեկել են, որի արդյունքում դիտորդները` Գաբրիելյան Սերգեյը և Սահակյան Արմանը ստիպված են եղել լքել տեղամասը: Դիտորդները ունեն ձայնագրություն:
15:24
28/20 (Կոտայք), անհայտ անձինք լցոնել են քվեատուփը: Հանցագործությունը հանձնաժողովը չի արձանագրել:
15:25
29/08 (Լոռի), Քվեարկության սենյակում գտնվում են կողմնակի անձինք, ովքեր ազատորեն հսկում են ամբողջ գործընթացը:
15:33
31/59 (Լոռի), Դիտորդը հայտնել է, որ ընտրատեղամասի տարածքում գտնվում է այլ անձ, ով հայտնել է, որ գյուղապետարանի աշխատակից է և ուղղակի օգնում է: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, որից հետո գյուղապետարանի աշխատակից ներկայացրած անձին հեռացրել են, բայց հետագայում նա կրկին շրջել է ընտրատեղամասում, ու նորից հեռացվելուց հետո, կրկին ներս է մտել:
15:35
03/06 (Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք), Դիտորդը նկատել է և տեսաձայնագրել, թե ինչպես հանձնաժողովի՝ ընտրողների ցուցակում գրանցման համար պատասխանատու անդամը, պարբերաբար ստորագրում է ընտրողների ցուցակում՝ հավանաբար հնարավոր բացականների անվան դիմաց և սեղանի տակ թաքցրած թղթի միջոցով կատարում է ճշգրտումներ:
15:52
33/69 (Շիրակ), Հանձնաժողովի քարտուղարը փորձել է տրցակով լցոնում կատարել, դիտորդը տեսել է, որից հետո քարտուղարուհին տրցակով հեռացել է զուգարան։ Հանձնաժողովի նախագահը փորձել է բանակցել դիտորդի հետ, սակայն դիտորդը մերժել է։ Դիտորդը տեսանկարահանել է, թե ինչպես են քվեաթերթիկների տրցակը սեղանի տակից հանում, ինչպես են առանց կնիք աշխատում։
15:57
29/08 (Լոռի), Քվեարկելու եկած անձինք պարզել են, որ իրենց ազգականները, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս, արդեն «քվեարկել են»: Նրանք այդ փաստի մասին հայտնել են հանձնաժողովի նախագահին, ով չի արձանագրել խախտումը: