Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեն անցնում է սահմանված կանոններին համապատասխան, քաղաքացիների ակտիվություննը դեռևս բարձր չէ, ասել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը, ով Հայաստան է եկել դիտորդի կարգավիճակով։
Մինչդեռ, ըստ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հաղորդումների, դեկտեմբերի 6֊ի առավոտյան մեկնարկած քվեարկության ամբողջ ընթացքում ընտրատեղամասերում գրանցվում են ընտրողներին վախեցնելու ու կաշառելու, ինչպես նաև՝ քվեների լցոնումների, կրկնաքվեարկության, ու մի շարք այլ խախտումների դեպքեր։
Ռուսաստանցի պաշտոնյան այցելել է վեց ընտրատեղամաս ու մոսկովյան «Կոմերսանտ» թերթին հայտնել․ «Այստեղ ցուրտ է` -15-ից -7, արևոտ չէ։ Ակտիվությունը դեռևս բարձր չէ, գործընթացն իրականցվում է կանոններին համապատասխան»։
Նշենք, որ Ռուսաստանյան ղեկավարության ներկայացուցիչներն սովորաբար առաջինն են ճանաչում Հայաստանում անցկացվող ընտրությունների ու հանրաքվեների օրինականությունը։
ՀՀ «Հանրաքվեի մասին» օրենքի 35֊րդ հոդվածի համաձայն, սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունված կհամարվի, եթե դրա օգտին քվեարկի հանրաքվեի մասնակիցների առնվազն 50 տոկոսը, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը: