Home / Հայաստան / Ընտրակեղծիքներով ստացած ձայները հասնում են մոտ կես միլիոնի․ Զուրաբյան

Ընտրակեղծիքներով ստացած ձայները հասնում են մոտ կես միլիոնի․ Զուրաբյան

Դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրության նախագծի հանրաքվեի ընթացքում լրատվամիջոցները բավական արդյունավետ են աշխատել՝ բացահայտելով բազմաթիվ խախտումներ ու կեղծարարություններ։ Այս մասին կեսգիշերից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սահմանադրության նախագծի դեմ պայքարող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, «Ոչ»֊ի շտաբի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։

Նա նշել է, որ հանրաքվեի ընթացքում ընտրախախտումները կրում էին համակարգային բնույթ։

«Իշանությունն այնքան լավ էր հասկանում ժողովրդի տրամադրությունը, որ այս հանրաքվեում հաղթելու համար պետք է կիրառեր ոչ միայն հնարավոր, այլ նաև անհնարին ջանքեր։ Արվեցին և՛ լցոնումներ, և՛ բռնություններ, և՛ հանձնաժողովների աշխատանքի դադարեցում, և՛ ID քարտերի օգտագործում, ու այդպես շարունակ։ Նորություն էին այս անգամ լրացուցիչ ցուցակները, որն արվում է նրա համար, որ եթե ինչ֊որ մեկին հարմար չէ իր ընտրատեղամասում քվեարկել, 1 շաբաթ առաջ դիմում է ու տեղափոխվում այլ ցուցակ։

Պարզվեց, որ այդ լրացուցիչ ցուցակներն ուռճացված էին, և, օրինակ, ինչ-որ գյուղից 100 մարդ որոշել էր գալ Արաբկիրի ինչ-որ ընտրատեղամաս», ֊ ասել է Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահը նշել է, որ իրենց հաշվարկներով ընտրակեղծիքներով ստացած ձայները հասնում է մոտ կես միլիոնի։

«Դրա մասին է վկայում նաև հրապարակած մասնակցության թիվը՝ մոտ 1 միլիոն 300 հազար մարդ։ Սակայն այս ամենում ամենապարադոքսալն այն է, որ չնայած այդ կեղծիքներին, կատարվեց այն, ինչի մասին մենք ասում էինք, այսինքն՝ եթե ժողովուրդը գնում է 95%-ով, քվեարկում է՝ «ոչ», ուրեմն ընտրակեղծարարություն չի կարող դրա դեմն առնել։

Ճակատամարտը դեռ չի վերջացել, և մենք լուրջ մարտի մեջ ենք, որովհետև տվյալները դեռ վերջնական չեն։ Իշխանությունը, տեսնելով տեղամասերում իր պարտությունը, սկսեց մի տեղ հիվանդացնել հանձնաժողովի նախագահին, որ հաշվարկը տեղափոխվի մյուս օրը, մի ուրիշ տեղ լույս են հանգցնում, մյուս տեղում ժամերով չեն սկսում հաշվարկը», ֊ նշել է Զուրաբյանը։

Ընդգծենք, որ 03։00-ի դրությամբ հաշվարկը դեռ շարունակվում է. համաձայն ԿԸՀ֊ի, «այո»֊ի օգտին մոտ երկու անգամ շատ մարդ է քվեարկել։