Home / Հայաստան / Դատարանը բավարարել է Պաշտպանության նախարարի կնոջ հայցն ընդդեմ ԶԼՄ֊ի

Դատարանը բավարարել է Պաշտպանության նախարարի կնոջ հայցն ընդդեմ ԶԼՄ֊ի

Դեկտեմբերի 7-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ ՀՀ ՊՆ նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ներկայացրած հայցը՝ օրաթերթին պարտավորեցնելով իր կայքից հեռացնել «Հանրությունն ուզում է իմանալ» հրապարակումը և հերքում տպագրել։

Սյուզան Սիմոնյանը Henaran.am կայքի հետ զրույցում նշել է, որ իրենք համաձայն չեն դատարանի հրապարակած վճռի հետ:

«Դատարանի այս վճիռը միանգամայն կանխատեսելի էր. նույնքան կանխատեսելի, որքան որ հանրաքվեի արդյունքը: Դատական ընթացքի վերաբերյալ կարող եմ ասել, որ ամբողջ ժամանակ մենք այդպես էլ չլսեցինք այն նախադասությունը, որը հերքման ենթակա է։ Այս իմաստով սա աբսուրդ դատավարություն էր: Ի՞նչը մենք պետք է հերքենք: Այն, որ Ռուզաննա Խաչատրյանի մասին գրե՞լ են: Բայց նա ինքն է այս նույնը պնդել իր ՖԲ էջում։ Մի խոսքով, անարդար վճիռ էր, մենք գնալու ենք եվրոդատարան։ Վստահ ենք, որ Հայաստանի որևէ դատական ատյան պաշտպանության նախարարի դեմ վճիռ չի կայացնելու», ֊ ասել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ խնդրո առարկա «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում նշվում է, թե վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ գրել են, որ Ռուզաննա Խաչատրյանը տարիներ առաջ վարել է իր մտերիմ ընկերոջ մեքենան և ջախջախել այն՝ վերջինիս մահվան պատճառը դառնալով:

Նման հրապարակում էր տպագրվել hzham.am կայքում, որի դեմ դատախազությունը սուտ մատնության հոդվածով քրեական գործ է հարուցել։