Նոր սահմանադրության հանրաքվեի անցկացման ընթացակարգը վարկաբեկում է հակակոռուպցիոն ռազմավարության ողջ էությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
«Նույն [կոռուպցիայի դեմ պայքարող] հասարակության աջակցությունը կվերանա անմիջապես, եթե շարունակվի այս արատավոր պրակտիկան: Մենք տեսել ենք, թե ինչ է կատարվում հանրաքվեի ընթացքում, և եթե այս ամենին չտրվի պատշաճ գնահատական, համապատասխան պատժամիջոցներ չկիրառվեն, այդ դեպքում մենք իսկապես կարող ենք գալ նրան, որ հասարակությունն իրոք լուրջ չի ընկալի ցանկացած հակակոռուպցիոն քայլ, որն արվելու է իշխանությունների կողմից: Եվ շատ դժվար է հասարակությանը համոզել, որ մի կողմ դնենք հանրաքվեն և այլ ոլորտներում բարեփոխումներ անենք», – ընդգծել է Հոկտանյանը:
Նա հիշեցրել է, որ հանրաքվեի օրը դիտորդներն արձանագրել են ընտրախախտումների, ահաբեկման, լցոնումների բազմաթիվ դեպքեր:
«Սրանք հստակորեն քաղաքական կոռուպցիայի դրսևորումներ են»,-ընդգծել է Հոկտանյանը:
Քննարկման մասնակից ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հանրաքվեի արդյունքները բացասական չի գնահատել, քանի որ, նրա խոսքով, բոլորը խոսում են ընտրախախտումների մասին, մինչդեռ պաշտոնապես միայն 78 բողոքարկման դեպք է գրանցվել։