Ադրբեջանցի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի նախագահ, խղճի գերի Լեյլա Յունուսն ազատ է արձակվել, հայտնում է Contact.az կայքը։ Յունուսն անազատության մեջ էր գտնվում 2014 թվականի հուլիսից։ Նա ազատազրկման էր դատապարտվել տնտեսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով՝ խարդախություն, հարկերից խուսափել։
Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր որոշել է մեղմացնել Յունուսի ու նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսովի՝ համապատասխանաբար 8 և 7,5 տարվա ազատազրկման վճիռներն ու իրական պատիժը փոխարինել պայմանականով՝ 5 տարվա փորձաշրջանով։ Լեյլա Յունուսն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Նշենք՝ Արիֆ Յունուսովն արդեն իսկ ազատության մեջ է գտնվում․ նոյեմբերի 12֊ին նրա նկատմամբ պատիժը կալանքից փոխվել էր երկիրը չլքելու մասին ստորագրությամբ։