Հայաստանի օմբուդսմենի երևանյան գրասենյակի դռան վրա վարդագույն ներկ են շփել՝ դրան զուգահեռ տարածելով հետևյալ տեքստը․
– Այսօր, դեկտեմբերի 10-ին, Հայաստանում, ինչպես նաև աշխարհով մեկ նշվում է մարդու իրավունքների պաշտպանության օրը: Սակայն մենք տեսնում ենք, որ այն հաստատությունը, որը կոչված է մեր իրավունքները պաշտպանելու` Մարդու իրավունքների պաշտպանը` անզոր է և անկամ: Այն չունի ոչ գործիքներ, ոչ ինքնուրույն ուժ, որպեսզի կատարի այդ առաքելությունը:
Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ Մարդու Իրավունքների եվրոպակենտրոն համակարգը ունակ չէ լիարժեք պաշտպանել ճնշված խմբերի իրավունքներն ու շահերը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհով մեկ: Իրականում այն կոչված է քողարկելու ճնշված և արտոնյալ խավերի միջև անհավասարությունը՝ միևնույն ժամանակ հավերժացնելով ստատուս քվոն:
Ոչ ոք չի պաշտպանի քո իրավունքներն ավելի լավ, քան դու: Ոչ հերթական վարձատրվող Մարդու Իրավունքների պաշտպանը, ոչ բարի նախագահը, ոչ կուսակցությունը, ոչ էլ հերոսը: Միայն գիտակցելով սեփական անմիջական շահը և հույս չդնելով որևէ ներկայացուցչի վրա, ճնշվածները կարող են ազատագրվել:
Միաժամանակ անհրաժեշտ է մեկընդմիշտ ընդունել, որ եթե պայքարի մարտավարությունները սահմանափակվում են միայն իշխանության կողմից արտոնվածներով, ապա այդ պայքարը մատնված է պարտության: Խաղատունը երբեք չի պարտվում, իսկ շահածները միայն լեգիտիմացնում են նրա գոյությունը:
Եղեք համարձակ, եղեք անկանխատեսելի: Դուրս եկեք փողոց:
լուսանկարը՝ hetq.am-ից