Երեկ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անունը կրող ռազմավարության մեջ հետաքրքիր կանխատեսում կա Հայաստանին մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Հայտնի է, որ Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամության պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների վաճառքը թե ներքին շուկայում, թե ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ։ Այս պայմանը կատարելու դեպքում Ռուսաստանից ներմուծվող գազի զինը կձգտի գազի եվրոպական գներին»,– արձանագրված է ռազմավարական այս ծրագրում։
«ՀԺ»֊ն նշում է՝ դա նշանակում է, որ ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների կատարման դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի զինը կբարձրանա մոտ երեք անգամ։ Ներկայումս 1000 խմ ռուսական գազը Հայաստանին է մատակարարվում 165 դոլարով, իսկ 2018 թվականից աստիճանաբար բարձրանալով, ըստ նշված ծրագրի կանխատեսումների, կհասնի նախ 324 դոլարի, ապա 460 դոլարի։
«Նշենք, որ Հայաստանին ռուսական գազի մատակարարման գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հենց 2018 թվականին, և չափազանց մեծ է հավանականությունը, որ կիրականա վերը նշված ծրագրով կանխատեսվող սցենարը», – նշում է թերթը։