Արցախում, ինչպես բոլոր մյուս փակ հասարակություններում, ևս գոյություն ունեն բազմաթիվ տաբուներ և արգելքներ։ Քաղաքական համակարգի գլխավոր ակտորը` քաղաքական ռեժիմը, իր իսկ կողմից գեներացված կամ ամրապնդված տաբուների խախտման դեպքում իրականացնում է պատժամիջոցների կիրառման անօրինական և հակասահմանադրական գործառույթ` հասարակության մեջ տարատեսակ վախեր սերմանելով, «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի հերթական համարում այս մասին գրում է ստեփանակերտցի վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը (լուսանկարում)։
Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացված է ստորև․
֊ Տաբուների ստեղծման, պահպանման և ուժեղացման գործընթացում որոշիչ դեր են խաղում նաև իշխող ռեժիմի կողմից օգտագործվող քարոզչական մեխանզիմները: Վերահսկողության տակ գտնվող տեղեկատվական ռեսուրսների միջոցով ԼՂՀ իշխանությունները միշտ փորձել և փորձում են տարբեր կարծրատիպեր ստեղծել, դեմոնիզացիայի ենթարկել իրենց համար անցանկալի գործողություններն ու երևույթները:
Հարկ է նշել նաև, որ Արցախի հասարակական և քաղաքական կյանքում ներկայումս գոյություն ունեցող տաբուների գերակշռող մեծամասնության արմատները պետք է փնտրել երկրի խորհրդային անցյալում:
Այսպիսով, ԼՂՀ իշխանությունները, օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող ռեպրեսիվ ապարատը, ադմինիստրատիվ ռեսուրսը և տեղեկատվական միջոցները, մշտապես փորձում են ամրացնել տարիների ընթացքում հասարակական-քաղաքական գործընթացների և երևույթների հետ կապված հանրության մեջ գոյություն ունեցող տաբուները: Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է ընդդիմության և նրա դերի ընկալման, ընդդիամդիր լինելու կամ ընդդիմադիր որևէ ուժի սատարելու և անդամակցելու հետ կապված տաբուներին, ինչպես նաև այն արգելքներին, որոնք առնչվում են քաղաքացիական ակտիվությանը և նախաձեռնողականությանն ու ազատ արտահայտվելու իրավունքին:
2000-ական թվականներից ի վեր՝ ընդդիմադիր քաղաքական ուժի անդամ լինելը կամ ընդդիմությանը սատարելը մեր հասարակության մեջ գոյություն ունեցող գլխավոր տաբուներից է եղել: Անկախ Արցախի բոլոր իշխանությունները մշտապես փորձել են ամրապնդել այդ տաբուն: Ընդդիմադիր ուժերի մաս հանդիսացող կամ դրանց սատարող անհատները և նրանց ընտանիքի անդամներն ազատվում էին աշխատանքից, ուժային կառույցների միջոցով նրանց փորձում էին ահաբեկել, հասարակության մեջ կարծրատիպեր էին ստեղծվում, որոնք քաղաքական ընդդիմությունը նույնականացնում էին թշնամու հետ: Իշխանությունները հմտորեն օգտագործել ու օգտագործում են սահմանային լարվածությունը, որպեսզի հասարակության մեջ թշնամանք առաջացնեն ընդդիմադիրների նկատմամբ, իսկ ընդդիմադիր գործունեությունը ներկայացնեն որպես հակապետական գործունեություն: Պատահական չէ, որ ռեժիմի ջանքերով մեր հասարակության մի ստվար զանգվածի համար որևէ տարբերություն չկա «իշխանություն» և «պետություն» հասկացությունների միջև:
Արցախում իշխող վերնախավի այդպիսի գործելաոճը առաջին պլան մղվեց հատկապես վերջին տարիներին, երբ կեղծ միասնականության ու հայրենասիրության պատրվակով հասարակության մեջ բացահայտ թշնամանք էր տարածվում բոլոր ընդդիամախոսների նկատմամբ: Բանը հասել էր նրան, որ ԼՂՀ իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն չէին դիմում իրենց պրոպագանդիստների օգնությանը և իրենք էին հրապարակայնորեն զուգահեռներ անցկացնում ընդդիմության և թշնամու միջև: Օրինակ, 2012 թվականի փետրվարին այն ժամանակ ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պատասխանելով «Առավոտ» թերթի լրագրողի հարցին, հայտարարել էր. «Ես միշտ ասել եմ, որ ամենամեծ ընդդիմությունը ունի Արցախի ժողովուրդը՝ հանձին Ադրբեջանի»: Այսինքն, պարոն Թովմասյանի համար ընդդիմությունը Ադրբեջանի հետ էր ասոցացվում:
Սակայն իրավիճակը սկսվեց փոխվել, երբ 2012 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրեց Վիտալի Բալասանյանը: Չնայած իշխանությունները չէին խորշում օգտագործել մեղմ ասած՝ անազնիվ միջոցներ Բալասանյանի կողմնակիցներին ճնշելու համար, այնուամենայնիվ, հասարակության մեջ ընդդիմության ընկալման առումով լուրջ փոփոխություններ տեղի ունեցան: Շատ մարդկանց մոտ, ովքեր տարիների ընթացքում իշխանությունների քարոզչության զոհ էին դարձել, ում համար քաղաքական ընդդիմությունը հակապետական երևույթ էր և խարխլում էր երկրի կայունությունը ու նպաստում հակառակորդի դիրքերի ուժեղացմանը, յուրահատուկ կոգնիտիվ դիսոնանս էր: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին չափազանց դժվար էր թշնամու դերում պատկերացնել, և իշխանությունների կողմից տարիների ընթացքում օգտագործվող քարոզչական հնարքներն այլևս նախկին արդյունավետությունը չէին ապահովում:
Արցախում այդ տաբուի թուլացմանը մեծապես նպաստեց նաև սոցիալական մեդիայի արագ տարածումը, որը փաստորեն քաղաքական դիսկուրսի միակ հարթակը դարձավ և մարդկանց ինքնաարտահայտվելու հնարավորություն տվեց: Որպես արդյունք` վերջին տարիների ընթացքում բավականին ակտիվացավ քաղաքական կյանքն ու քաղաքացիական հասարակությունը: Արախյան հանրությունն ավելի հեշտ սկսեց քննարկել գոյություն ունեցող խնդիրները և ավելի հաճախ սկսեց իր բողոքն արտահայտել իշխանությունների կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ: Իսկ բոլորովին վերջերս նույն Արթուր Թովմասյանը, ում համար ընդդիմությունը 3 տարի առաջ Ադրբեջանի հետ էր ասոցացվում, պատասխանելով «Արցախպրես» գործակալության հարցերին, նշել էր. «Խորհրդարանական աշխատանքը ենթադրում է նաև քննարկումներ՝տարբեր տեսակետների, գաղափարների և մոտեցումների շուրջ, և այս պարագայում ընդիմադիր ուժերի ներկայությունն ավելի հետաքրքիր է դարձրել մեր աշխատանքը»: Շարունակելով իր խոսքը` նա ավելացրել էր. «Մենք պարտավոր ենք միայն մեկ՝ Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորման հարցում ունենալ միասնական մոտեցում, իսկ մյուս բոլոր հարցերում մոտեցումներն, իհարկե, կարող են տարբեր լինել: Կարևորն այն է, որ այդ քննարկումները լինեն առողջ մթնոլորտում»: Ինչպես տեսնում ենք, պարոն Թովմասյանի մոտեցումները ընդդիմության դերի և նշանակության մասին զգալիորեն փոխվել են վերջին տարիների ընթացքում:
Այնուամենայնիվ, ընդդիմադիր լինելը կամ ընդդիմադիր կուսակցության սատարելը այսօր ևս շարունակում է Արցախի գլխավոր տաբուներից մեկը մնալ: Վերջին տարիների ընթացքում հասարակության կողմից ընդդիմության բացասական ընկալումը ահագին նվազել է, բայց իշխանություններն, անշուշտ, շարունակում են օգտագործել ռեպրեսիվ ապարատը և ադմինիստրատիվ ռեսուրսը քաղաքական ակտիվություն ցուցաբերողներին ճնշելու և ահաբեկելու համար: Իշխող ռեժիմի կողմից հովանավորվող քարոզչամեքենաները ևս շարունակում են զրպարտել նրանց ընդդիմախոսներին և հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտ տարածել:
Ու ակնհայտ է, որ Արցախում իրական քաղաքական և տնտեսական առաջընթաց ունենալու համար պետք է կարողանանք հաղթահարել ու վերացնել հասարակության գլխին փաթաթած այդ արհեստական տաբուներն ու արգելքները:
հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ