Talks խմբի ու Studio 20-ի «2008-11-ի Շարժման իմաստավորում» միջոցառման ժամանակ ներկայացված հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանի զեկույցը և հատվածներ քննարկումից (Դեկտեմբերի 5, 2015):
Պատմականորեն, ես դիտարկում եմ երեք հայաստանյան հեղափոխություն՝ մեկը ազգային-ազատագրականը, երկրորդը՝ պետականաշինականը, որը նաև անվանում էինք Սահմանադրական /չխառնել ներկայիս իշխանական աղավաղաման հետ/, և երրորդը՝ համեմատաբար ավելի քիչ հայտնի սոցիալ-մշակութայինը:
Քաղաքականությունը դա պետականաշինական /սահմանադրական/ և սոցիալ-մշակութային /հասարակաստեղծ/ գաղափարների ստեղծումն է, դրանց շրջանառության դաշտի կառուցումը, հանրային լայն և գիտակից մասնակցության ապահովումը այդ երկուսի մեջ, և ի վերջո միայն՝ դրանց իրականացման իրավաբանական, օրենսդրական, «ուժային» ձևակերպումը:
Սոցիալ-մշակութային, հասարակաստեղծ գաղափարների արտադրության համակարգը ստեղծվեց մի ժամանակաշրջանում Հայ Ազգային Կոնգրեսի ներքո, երբ աշխատեցին տնտեսական, մշակութային, առողջապահական, գիտության և կրթության քաղաքականություն մշակող հանձնաժողովները, և հանրությանը ներկայացրեցին իրենց հայեցակարգերը: Դրանք պարունակում էին կարևոր շրջադարձային գաղափարներ, որոնք թույլ էին տալիս գալ հասարակությանը և պետությանը: Սակայն, հետագայում չստեղծվեց, պակասեց հենց այդ գաղափարների շրջանառության դաշտը, համակարգը, որի միջոցով հասարակությունը կկարողանար ստեղծել ինքն իրեն, համախմբվել գիտակցաբար և ստեղծագործաբար:
Եվ այդ ժամանակ, և հիմա հասարակությունում գործում էին մշակութային արդիականացման տարբեր տարրեր կրող, քարոզող առանձին խմբեր, հանրույթներ, որոնք սակայն չներառվեցին քաղաքական համընդհանուր ընթացքի մեջ, իրենց համար չստեղծվեց, իրենք իրենց մեջ չստեղծեցին համատեղ գաղափարների շրջանառության ու արտադրման համակարգ, հարթակներ: Արդյունքում՝ այդ խմբերը հաճախակի մնում են քարոզչության, լուսավորչության, և անհատական սխրագործության մակարդակին, ինչը, կարծում եմ, այնքան էլ արդյունավետ չէ, թեկուզ այն պատճառով, որ նոր մշակույթը հնարավորություն ունի կյանք մտնել իբրև համալիր, միաժամանակ արմատական փոփոխություն /սոցիալ-մշակութային հեղափոխություն/, այլ ոչ թե առանձին-առանձին:
Արդյունքում՝ ինչ-որ պահից մեր երկրում սոցիալ-մշակութային ստեղծագործությունը ինքնակազմակերպվող հանրության կողմից գրեթե դադարեց: Անգամ դիսկուրսի, բառապաշարի առումով ընդդիմադիր քաղաքական ուժերի ու իշխանության, անգամ՝ դիմադրող հասարակության ու իշխանության միջև տարբերությունը սկսում է կորել, բոլորի դիսկուրսն էլ մոտենում է իշխանականի, ինչը ինքնին արդեն բերում է իշխանության հաղթանակին. նա այստեղ իր տարերքում է, դա իր իշխանական դիսկուրսն է: Երբ քաղաքական, հասարակական ուժերը պոպուլիզմից դրդված սկսում են կիրառել իշխանական դիսկուրսը ու բառապաշարը, նրանք միգուցե մի պահ ստանան հրապարակում հանրություն, բայց այդ հանրությունը չի հիշի, թե ինչի համար էր նա այստեղ, չի ունենա ներքին կայուն կապ այդ ուժերի հետ: Կայուն ներքին կապը ստեղծվում է համախոհությամբ, այնպիսի գաղափարների առկայությամբ, որոնք կարելի է փոխանցել մարդուց մարդ՝ հետաքրքրելով նրան ու առաջացնելով խոսելու, քննարկելու, ստեղծագործելու, ներառնվելու ցանկություն:
Ու մեր աչքի առաջ հենց այդ բացակայությունից սկսում է օգտվել իշխանությունը, իմիտացնելով, խեղաթյուրելով, աղավաղելով ինչպես պետականաշինական /սահմանադրական/, այնպես էլ սոցիալ-մշակութային արդիականացման /հասարակաստեղծ/ դիսկուրսները, վերցնելով դրանք և դրանց շրջանառությունը սեփական վերահսկողության տակ:
Սա է համատարած դեպրեսիայի և դեժավյուի զարգացման աղբյուրը, երբ նորից ու նորից կրկնվում են ընդդիմադիր ծեսերը, բայց դրանք արդեն հղի չեն ստեղծարար, ազատագրող բովանդակությամբ:
Հենց այդ քաղաքական գաղափարների ստեղծման ու շրջանառության ընթացքն է, որ պետք է վերականգնվի, և ձևակերպվի իբրև հանրային նպատակ:
Քննարկում
Արման Գրիգորյան. Մեր մտավորականությունը թույլ է, որովհետև տեսական չի: Պետք է բանի տեղ չդնել ակտուալ քաղաքական վիճակը, զարգանալ կոնցեպտուալ:
Նազարեթ Կարոյան. Կառուցվածքի բացակայությունը քաղաքական շրջանակներում նշանակում է կառավարման պակաս, կառավարումը իբրև թեմա բացակայում է, առանց կառավարման մեթոդի չես կարող ստանալ նաև գաղափարական արդյունք:
Վահրամ Մարտիրոսյան. Ժամանակակից մարդու, երիտասարդի ափլիքեյշնների մտածողությունը թույլ է տալիս ունենալ հենց առանձին խնդիրներով կազմված ընթացք, առանց դրանք միավորելու անհրաժեշտության:
Արթուր Պետրոսյան. Բայց օպերացիոն համակարգ է պետք, որ էդ ափլիքեյշնները աշխատեն, որը հենց չկա:
Նազարեթ Կարոյան. Աջն է որ պրոեկտային է, ձախը օպորտունիստական է, հարմարվողական, Սերժի կառավարությունը հենց ձախ է, լեվի:
Արա Նեդոլյան. Բայց չէ՞ որ սովորաբար հենց ձախն է ասոցացվում կոշտ նախագծային մոտեցումների հետ:
Նազարեթ Կարոյան. Դասական ձախը, այո՛, նախագծային էր, օպորտունիզմը հետո է սկսել, հիմա է:
Արման Գրիգորյան. Եթե կարևորում ես միայն կառավարումը, գործիքը՝ դրանից կարող է ստացվի և Իսլամական պետություն, և Ֆինլանդիա: Իսկ թե որը կստացվի, կախված է հիմնական կարգախոսից, օրինակ՝ «ոչ վարձու աշխատանքին»: