Վերջին 5 տարիներին Գագիկ Խաչատրյանի ղեկավարության շրջանում Ֆինանսների նախարարությունն ու նախկին Պետական եկամուտների կոմիտեն առանց բաց մրցույթի «Այյունեթվորքս» (IUNetworks) ընկերությանը տվել են 4 միլիարդ 731 միլիոն դրամի, կամ շուրջ տասը միլիոն դոլարի պատվեր: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած այս ընկերությունը կապվում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից մեկի հետ: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ըստ Հայաստանի կառավարության պետական ռեգիստրի՝ «Այյունեթվորքսի» բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է Հայկ Խաչատրյանին: Նույն անունով անձն է նաև «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահի հիմնական բաժնետերը: Նախկինում նա խանութի բաժնեմասերը կիսել է Գագիկ Խաչատրյանի երկու որդիների՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների հետ։ «Այյունեթվորքսի» և «Խրոնոգրաֆի» բաժնետեր Հայկ Խաչատրյանի հասցեն նույնն է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում այդ հասցեում Հայկ Խաչատրյան անունով այլ անձ գրանցված չէ:
Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը, Հայկ Խաչատրյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է․ ազգակցական կապը հաստատել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, երբ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը երկու տարի առաջ դիմել էր պարզելու՝ արդյոք Գագիկ Խաչատրյանը և նրա որդիներին ու հարազատներին պատկանող ընկերությունները չեն գտնվում շահերի բախման իրավիճակում, այսինքն՝ արդյոք Խաչատրյանը չի օգտագործում իր դիրքը այդ ընկերությունների վիճակը բարելավելու համար:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ հանձնաժողովը տվել է եզրակացություն, ըստ որի՝ ամեն ինչ օրենքի շրջանակում է, Խաչատրյանի ու նրա որդիների ընկերությունների միջև շահերի բախում չկա, իսկ մյուս ազգականների դեպքում բախում ընդհանրապես չի կարող լինել:
«Այս դեպքում, եթե նկատի ունենք, որ այդ ընկերությունը պատկանում է բարձրաստիճան պաշտոնատար անձի հորեղբոր տղային, ապա ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի` հորեղբոր տղան չի մտնում ազգակցական կապի շրջանակի, փոխկապակցված անձանց մեջ: Այդ առումով շահերի բախում առերևույթ չկա: Այլ հարց է, որ ողջամիտ կասկածներ միշտ մնում են, որ նա կարող է օգտագործել իր դիրքը գնումներում հաջողության հասնելու համար», – ասում է Տիգրանյանը:
Իրավաբանի կարծիքով՝ հանրային ծառայությունները կարգավորող օրենքը չի ստիպում պաշտոնյաներին բարեխիղճ լինել, քանի որ օրենքը ոչինչ չի ասում այն մասին, թե ինչ հետևանքներ պիտի լինեն շահերի բախման դեպքում:
Մեկ ամիս առաջ «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հետ կնքվել է ավելի քան 800 հազար դրամի պայմանագիր, որի դիմաց կազմակերպությունը պետք է իրականացնի էլեկտրաէներգիայի մատակարարման սարքերի տեղադրման աշխատանքներ:
«Այյունեթվորքս» ՍՊԸ-ն Պետական եկամուտների կոմիտեի, իսկ հիմա էլ Ֆինանսների նախարարության համար մատուցում է ամենատարբեր ծառայություններ: Օրինակ 2011-ին, երբ Գագիկ Խաչատրյանը ղեկավարում էր Պետական եկամուտների կոմիտեն, կազմակերպությունը 200 միլիոն դրամով իրականացրել է ավելացրած արժեքի հարկի վերադարձի ավտոմատացված համակարգի սարքավորումների մատակարարում և տեղադրում:
Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցների կողմից «Այյունեթվորքս» ընկերությանը շուրջ տասը միլիոն դոլարի պատվերները տրվել են բանակցային ընթացակարգով, առանց բաց մրցույթի հայտարարման:
«Ազատությանը» հասանելի պայմանագրերի ցանկից ամենաթանկարժեքը կնքվել է նախորդ տարեվերջին: Ֆինանսների նախարարության հետ կնքված շուրջ 4.3 միլիարդ դրամի կամ շուրջ 9 միլիոն դոլարի պայմանագրով «Այյունեթվորքս» ՍՊԸ-ն պարտավորվել է իրականացնել Հայաստանի մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքներ։
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» փոխնախագահ Հայկ Չոբանյանի պնդմամբ՝ «Այյունեթվորքսը» ներքին շուկայի համար աշխատող հայաստանյան եզակի պրոֆեսիոնալ ընկերություններից է:
«Օբյեկտիվորեն ստեղծվել է մի իրավիճակ, որ տարբեր ընկերություններ տարբեր ոլորտներում մասնագիտանում են, և դա դառնում է իրենց համար լրացուցիչ մրցակցային առավելություն», – ասել է ոլորտի փորձագետը: