Home / Հայաստան / Գյումրիի սպանդի գործով դատավորը մերժեց ռուս զինծառայողներին դահլիճից հեռացնելու միջնորդությունը

Գյումրիի սպանդի գործով դատավորը մերժեց ռուս զինծառայողներին դահլիճից հեռացնելու միջնորդությունը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում անցկացվող արտագնա նիստի առաջին հատվածում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը նստած է եղել ապակեպատ խցում, որի մոտ կանգնած էին ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու զինծառայողներ։ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարց է ուղղել դատավորին, թե ի՞նչ իրավունքով են տվյալ անձինք ներկա դատական նիստին։ Դատավորը բացատրել է, որ Պերմյակովը դատապարտյալ է նաև այլ գործով և պատիժ է կրում ռազմակայանում, իսկ զինծառայողներն ապահովում են նրա անվտանգությունը։ Սաքունցը հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերի ծառայողները խանգարում են իրեն, քանի որ նրանց համազգեստը հոգեբանական ճնշում է գործադրում իրենց վրա, և միջնորդել է հեռացնել նրանց դահլիճից։ 15 րոպե ընդմիջումից հետո նիստը վերսկսելով՝ դատավորը մերժեց Սաքունցի միջնորդությունը։ 

Ընդմիջման ընթացքում լրագրողների հետ զրույցում Ավետիսյանների հարազատներից Ռիմա Ավետիսյանը հայտարարել է, որ իրենք չեն հավատում, թե Վալերի Պերմյակովը մենակ է հանցանքը կատարել, և ենթադրել, որ ռուսաստանցի զինծառայողը կարող էր դա անել ինչ֊որ մեկի դրդմամբ։ Նա հայտարարել է, որ եթե հաջորդ դատական նիստն էլ անցկացվի ռուսական ռազմակայանի տարածքում, իրենք կհրաժարվեն նիստին մասնակցելուց։

Նիստի ընթացքում Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբաններից մեկը՝ Երեմ Սարգսյանը, հղում անելով նախաքննությանը, հայտարարել է, որ Պերմյակովի սոցցանցերից մեկում անձնական էջի քննությունը ցույց է տվել, որ նա սատանիստական խմբի անդամ է, իսկ գրառումներից մեկում զինծառայողը նշել է, որ իր Աստծու համար «կանանց և տղամարդկանց կբերի»։ Փաստաբանի խոսքով՝ նա, փաստորեն, խոսել է զոհաբերության մասին, և իրենց համար ակնհայտ է, թե Պերմյակովը սատանիստ է։