Home / Հայաստան / Ավետիսյանների սպանության գործով առաջին դատական նիստը հետաձգվեց

Ավետիսյանների սպանության գործով առաջին դատական նիստը հետաձգվեց

14։30 Նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը մինչև 2016 թվականի հունվարի 18֊ը, որպեսզի Վալերի Պերմյակովի նոր պաշտպանը ժամանակ ունենա ծանոթանալ գործի նյութերին։

12։41 Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում անցկացվող արտագնա նիստով սկսում է Գյումրիում 2015 թվականի հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի գործի քննությունը։ Ռուսական ռազմակայանի մոտ մեծ թվով ոստիկաններ կան․ մեքենաները կանգնեցնում են գլխավոր մուտքից 30 մետր ներքև, և լրագրողները ոտքով են մոտենում անցակետին, որտեղ մանրակրկիտ զննության են ենթարկվում։ Epress.am-ի թղթակիցը հաղորդում է դահլիճից, որ ներսում նույնպես մեծ թվով ոստիկաններ կան։ 

1permyakov

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի փաստաբանները բանակցում էին ոստիկանների հետ՝ խնդրելով թույլ տալ իրենց մեքենաներով մուտք գործել ռազմակայանի տարածք։ Հեռախոսով ճշտումներ անելուց հետո ոստիկանները թույլ տվեցին երկու մեքենաների ներս մտնել։

Դատարանի դահլիճում են Ավետիսյանների հարազատները, որոնցից մեկը հուզված բողոքել էր այն փաստից, որ դատական նիստերը հայաստանյան դատարանի տարածքում չեն անկացվում։ Բողոքող կինը մի պահ սկսել է լաց լինել՝ ասելով, որ սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին պետք է գնդակահարել։

Պերմյակովին նիստերի դահլիճ բերեցին զինվորների և ոստիկանների ուղեկցությամբ։ Նիստի մեկնարկից մի քանի րոպե անց դատավոր Հարություն Մովսիսյանն ընդմիջում հայտարարեց, քանի որ Ավետիսյանների հարազատների պաշտպաններն ուշացումով են ներկայացել, ինչպես նաև ընտանիքի անդամների համար դահլիճում տեղ չգտնվեց։ Դա նույնպես բողոքի պատճառ հանդիսացավ։ Այս հարցերը պետք է լուծվեն ընդմիջման ընթացքում։

Լուսանկարում՝ մեղադրյալ Պերմյակովն ապակեպատ խցում