Հայաստանի տնտեսությունը 2016 թվականին աճի հեռանկար չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Ըստ բանախոսի՝ խնդիրը ոչ միայն տնտեսական է, այլ առաջին հերթին՝ քաղաքական, քանի որ իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն՝ բոլորի համար ներդրումային, մրցակցային միջավայր ստեղծելու համար:
«Այսօրվա իշխանությանն այնպիսի հասարակություն է պետք, որը պայքարող չլինի, որտեղ բոլորը ենթարկվեն և չզբաղվեն քաղաքական և տնտեսական հարցերով»,- ասել է տնտեսագետը:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ևս արձանագրել է, որ Հայաստանի տնտեսությունը գնալով հետընթաց է ապրում: Նա նշել է, որ վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ նոյեմբերի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կրճատվել են 150 մլն դոլարով, այսինքն՝ 1 միլիարդ 700 միլիոնից իջել է մեկ միլիարդ 550 միլիոնի:
Ըստ Վիլեն Խաչատրյանի՝ տնտեսական այդ բարդ դրությունը կապված է մի շարք ոլորտների հետ․ առաջին հերթին, բանկային համակարգը չի նպաստում տնտեսության զարգացմանը: Բանկերի կողմից տնտեսությունը ֆինանսավորվում է բարձր տոկոսադրույքներով:
«Նման տոկոսադրույքներով որևէ բիզնես գոյատևել չի կարող»,-ասել է տնտեսագետը:
Խաչատրյանի խոսքով՝ պետք է վերացնել տնտեսական կախվածությունն արտաքին աշխարհից:
«Ի՞նչ է նշանակում սպասել, որ ուրիշը փող ուղարկի՝ քո տնտեսությունը լավացնես: Պետք է մոռանալ տրանսֆերտների վրա տնտեսական աճ կառուցելու մասին», ֊ ասել է տնտեսագետը:
Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուն՝ Վիլեն Խաչատրյանը նշել է, որ ԵՏՄ֊ն խոստանում էր ապահովել Հայաստանի տնտեսական աճը, սակայն արդյունքում Հայաստանն է ապահովում Ռուսաստանի աճը:
«Հայաստանը սկսել է Ռուսաստան քիչ արտահանել: Արտահանումը 20 տոկոսից իջել է 10 տոկոսի, իսկ Ռուսաստանից ներկրման աճը հասել է 30 տոկոսի»,- ասել է բանախոսը:
Տնտեսագետները նշել են, որ տարեցտարի ավելանում է նաև Հայաստանի պետական պարտքը: Նրանց խոսքով՝ Հայաստանին մեծ քանակությամբ վարկերի հատկացումը երկրի տնտեսության ոլորտում տեսանելի զարգացման չի բերում։