Արդեն 10 օր հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներն այսօր դադարեցրել են հացադուլը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ցմահ ազատազրկման դատապարտված Վաղարշակ Ավետիսյանի մայրը՝ Մարինե Բադալյանը։
Հացադուլ հայտարարելով՝ ցմահ ազատազրկվածները պահանջում էին գործերի վերաբացում և պատժաչափերի վերանայում:
Դատապարտյալներին այսօր այցելել էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ֊ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։ Հանդիպման մանրամասների մասին ծնողները տեղյակ չեն, սակայն հուսով են, որ իրենց ձայնը տեղ կհասնի, և համապատասխան մարմինները կզբաղվեն ցմահ դատապարտյալների գործերի վերանայման գործով։
«Վերջապես մեզ էլ մարդու տեղ դրեցին ու լսեցին մեր պահանջը։ Երեկ տղաներին այցելել էր նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Մեր հորդորների և պատգամավորների այցերի շնորհիվ տղաները դեռ դադարեցրել են հացադուլը, սակայն մենք շարունակելու ենք մեր պայքարը»,֊ ասել է Մարինե Բադալյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ցմահ դատապարտվածների հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել Ազգային ժողովի դիմաց՝ փորձելով փակել Բաղրամյան պողոտան։ Նրանք իշխանություններից պահանջում էին ուշադրություն դարձնել հացադուլավորների բարձրացրած 10 պահանջներին, որոնցից է՝ վերանայել քրեական գործերը։