Հայաստանում բենզինի մեկ լիտրի գինը 90 ցենտ է՝ մոտ 2 անգամ թանկ, քան ԱՄՆ֊ում, «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում գրում է տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը։
«Այսինքն, նավթի համաշխարհային գների՝ արդեն մեկ տարի տևող գահավիժումը գրեթե չի ազդել մեզ մոտ վաճառվող բենզինի գնի վրա։ Բենզինը Հայաստան է գալիս Ռուսաստանից։ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով ՌԴ֊ն մեզ բենզինի քվոտա է տրամադրել։ Դա նշանակում է, որ քվոտայի սահմաններում Հայաստանը կարող է էժան բենզին գնել ՌԴ֊ից։ Էժա՞ն․․․ Մոսկվայում երեկվա դրությամբ մեկ լիտր բենզինի մանրածախ գինը եղել է 33 ռուբլի 87 կոպեկ, կամ 230 դրամ։ Սա, կրկնենք, բենզինի մանրածախ գինն է, որի մեջ ներառված են տեղական ու դաշնային հարկերը, տուրքերը, բենզին մատակարորողների ծախսերը, շահույթը, բենզալցակայանների ծախսերը, և այլն։
Մեծածախ գինը, հասկանալի է, շատ ավելի ցածր է՝ մոտ 26 ռուբլի կամ 180 դրամ։ Այդ ի՞նչ քվոտա է, որ դրա շրջանակներում Հայաստան ներկրված բենզինը թանկանում է 2.3 անգամ։ Ո՞րն է դրա պատճառը։ Պատճառը շուկայի կենտրոնացվածությունն է։ Այդտեղ չկա մրցակցություն։ Ներկրողները գները սահմանում են բացառապես փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, այդ պատճառով էլ բենզինը Հայաստանում 2.3 անգամ ավելի թանկ է միևնույն տնտեսական տարածքում գտնվող ռուսաստանյան գներից։ Այլ կերպ ասած, այն գումարը, որ մենք, ինչպես ամերիկացիները, կարող էինք խնայել բենզինի էժանացման շնորհիվ, տալիս ենք այդ շուկայի մոնոպոլիստներին», ֊ գրում է Գևորգյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում