հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Դադարեցնել քաղաքացիների նկատմամբ հետապնդումները»

«Դադարեցնել քաղաքացիների նկատմամբ հետապնդումները»

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն իր զորակցությունն է հայտնում այն քաղաքացիներին, որոնք վերջին շրջանում հոգեբանական կամ ֆիզիկական բռնության են ենթարկվել։

Հայտարարության մեջ ասված է․

«Ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել Գևորգ Սաֆարյանին, Սյուզի Գևորգյանին, Զառա Հովհաննիսյանին, Վարդգես Գասպարիին, Արտակ Գևորգյանին՝ մարդիկ, ովքեր իրենց քաղաքացիական կամ քաղաքական դիրքորոշման համար ներկայումս հայտնվել են ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման ներքո: Հավատացած ենք, որ այս մարդիկ և նրանց ընկերները, ովքեր փոխարինել են պասիվ ակնդրելն ու ունկնդրելը ակտիվ կամարտահայտմամբ և այդ իսկ կամարտահայտմամբ չեն հատել այլոց իրավունքների ու ազատությունների սահմանը, չպետք է ենթարկվեն նման պատժամիջոցների, իսկ ֆիզիկական և հոգեբանական նման նվաստացուցիչ վերաբերմունքի մասին խոսք անգամ չի կարող լինել: Ուստի դատապարտում ենք բոլոր այն մեթոդները, որոնցով ապօրինաբար սահմանափակվում են այս անհատների իրավունքները և վիրավորում են նրանց արժանապատվությունը, որը բարձրագույն արժեք է յուրաքանչյուր գիտակից մարդու համար: Կոչ ենք անում դադարեցնել ցանկացած տեսակի հետապնդումները ինչպես վերոնշյալ քաղաքացիների, այնպես էլ բոլոր այն քաղաքացիների, ովքեր այսուհետ էլ կշարունակեն օգտվել իրենց իրավունքներից և կարտահայտեն իրենց քաղաքական կամ քաղաքացիական դիրքորոշումները:

Իսկ բոլոր գիտակից քաղաքացի մեր ընկերներին, անկախ քաղաքական և քաղաքացիական պատկանելությունից, կոչ ենք անում լինել առավել զգոն, համախմբված և զորակից:

Հավելում. Գևորգ Սաֆարյանը «Նոր Հայաստան» ճակատի անդամ է, ով հունվարի 1-ին ձերբակալվել է՝ Նոր տարվա գիշերը Ազատության հրապարակում ընկերների հետ տոնածառ դնելու փորձի արդյունքում ոստիկանության հետ ընդհարվելու համար, մինչդեռ ընկերները հայտարարում են, որ իրենք են ծեծի ենթարկվել ոստիկանության կողմից, ինչի կապացկությամբ էլ հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստել: Սակայն դրանք դեռևս չեն կարողացել փոխանցել պատկան մարմիններին, քանի որ վերջիններս չեն աշխատում տոնական այս օրերին:

Սյուզի Գևորգյանը ևս «Նոր Հայաստան» ճակատի աջակից է, ում հունվարի 5-ին հետապնդել և ծեծի են ենթարկել: Այս հանցագործությունը կատարվել է Սյուզիի՝ հանրաքվեի ժամանակ «Ոչ» շարժմանը, ինչպես նաև նախկինում Հիմնադիր խորհրդարանին, իսկ այժմ «Նոր Հայաստան» ճակատին աջակցելու համար: Այդպես են մեկնաբանել իրենց հանցագործությունը իրենք՝ հանցագործները: Ինչպես Գևորգի, այնպես էլ Սյուզիի դեպքում, ցավոք նման խոշտանգումները առաջին անգամ չեն եղել:

Խմբագիր Զառա Հովհաննիսյանը հունվարի 4-ին ֆեյսբուքով հայտարարություն տարածեց իր և իր հարազատների հասցեին հնչած սպառնալիքի վերաբերյալ՝ կոչ անելով իրավապահ մարմիններին բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպառնալիքի հասցեատիրոջը:

Վարդգես Գասպարին հունվարի 6-ին հայտարարություն տարածեց, որ նույն օրը Դեմիրճյան փողոցում իր վրա է հարձակվել ՀՀԿ շտաբի ներկայացուցիչ, ով բռունցքներով հարվածել է Գասպարիին, ինչից հետո նախագահի նստավայրի դիմաց Գասպարիի բողոքներից հետո նրան տարել են Դավթաշենի ձորի մի խուլ վայր ու հեռացել:

«Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանի դեմ քրեական գործ է հարուցվել և որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին: Նրան մեղադրում են «խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության և բարոյական համընդանուր նորմերի նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարանք» դեկտեմբերի 10-ին ընկերների հետ ստվարաթղթից պատրաստված հրասայլով Երևանում շրջելու, իսկ հետո թղթե հրասայլով ՀՀ ԱԱԾ շենքի երկաթե դարպասներին հարվածելու համար»։