Թուրքիայի արևելքում շարունակվում են բախումները զինված ուժերի և երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև։ Տեղական ԶԼՄ֊ների հաղորդմամբ, շաբաթ և կիրակի օրերին մարտերի ընթացքում 4 թուրք զինվորական է զոհվել, 10-ից ավել մարդ է վիրավորվել։ Կորուստներ է կրել նաև PKK-ն։
Թուրքիայի անվտանգության ուժերի երեք ներկայացուցիչներ՝ մեկ ոստիկան ու թուրքական բանակի երկու սերժանտ, զոհվել են կիրակի Դիարբեքիրի Սուր թաղամասում բախումների ժամանակ՝ PKK֊ի զինյալների կողմից ձեռագործ պայթուցիկների կիրառման հետևանքով։
Թուրքական ԶԼՄ֊ների փոխանցմամբ, պայթյունների, ինչպես նաև դիպուկահարների կրակոցների հետևանքով վիրավորվել է Թուրքիայի զինված ուժերի շուրջ տասը ծառայող։ Ամբողջ օրը տևած բախումները թաղամասի որոշ հատվածներում սկսվել են վաղ առավոտյան և ուժգնացել կեսօրին Կուրշունլու մզկիթի մոտակայքում, որտեղ կիրառվել էր պայթուցիկը։
Ավելի վաղ՝ շաբաթ երեկոյան, մի ոստիկան սպանվել էր և երկուսը վիրավորվել էին Վան նահանգում՝ PKK զինյալների թաքստոցի վրա իրականացված հարձակման ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ «Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ, Վանի ոստիկանության կողմից ձեռնարկված հարձակման հետևանքով սպանվել է 12 ահաբեկիչ։
PKK֊ն հիմնականում քրդաբնակ հարավարևելյան մի շարք քաղաքներում ինքնավարություն հայտարարելու փորձեր է իրականացրել։ Տվյալ քաղաքներում PKK֊ի դեմ մարտերի ընթացքում Թուրքիայի ուժայինները կիրառում են զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր։
Reuters֊ի փոխանցմամբ, Թուրքիայի զինված ուժերում աղբյուրները կիրակի հայտնել են, որ վերջին երկու օրերին տարածաշրջանում 32 քուրդ զինյալ է սպանվել։
Շաբաթ օրը Թուրքիայի գլխավոր շտաբի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, օերեք քաղաքներում, որտեղ պարետային ժամ է հայտարարված, մինչ օրս ընդհանուր առմամբ «չեզոքացվել» է 448 PKK զինյալ։ Today's Zaman֊ի կայքը պարզաբանում է, որ «չեզոքացված» եզրույթը վերաբերում է թե սպանվածներին, թե վիրավորներին, սակայն ենթադրվում է, որ պաշտոնյաների նշած թվի մեծ մասը կազմում են սպանվածները։