Home / Հայաստան / ՀՅԴ֊ն ընդունել է ՀՀԿ֊ի հետ կոալիցիա կազմելու առաջարկը

ՀՅԴ֊ն ընդունել է ՀՀԿ֊ի հետ կոալիցիա կազմելու առաջարկը

Դաշնակցությունը «սկզբունքորեն» ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու ՀՀԿ առաջարկը: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել է, որ այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակացություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:

Դաշնակցականը բացատրել է, որ նրանք պատասխանատվությամբ են մոտեցել նոր Սահմանադրության ընդունմանը: Կուսակցությունն, ըստ նրա, մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա, այդ իսկ պատճառով համաձայն է համագործակցության։

Մարգարյանի խոսքով՝ առայժմ դժվար է ասել, թե կոալիցիան իշխանության հետ ինչ ձև կստանա, որովհետև դեռ գտնվում են «բանակցությունների նախնական փուլում»․ «Եղել է առաջարկությունը, և մեզ համար դա սկզբունքորեն ընդունվել է, որ պետք է ունենանք համագործակցություն Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Բայց ուրիշ որևէ խոսակցություն առայժմ տեղի չի ունեցել»:

«Ազատություն» հետ զրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը դժվարացել է նշել՝ իշխող կոալիցիայի մաս են կազմելու 2017-ի խորհրդարանական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո․ «Ես դեռ չեմ կարող ասել, որովհետև իրականության մեջ իրական կոալիցիա կարող է լինել խորհրդարանական ընտրությունից հետո»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ֊ն իշխող կոալիցիայից (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ) դուրս է եկել 2009 թվականի ապրիլի 27-ին՝ հայտարարելով, որ արտաքին քաղաքականության հարցերում անհամաձայնություն ունի երկրի իշխանությունների հետ։ Մասնավորապես, դա վերաբերվում էր Հայաստան֊Թուրքիա հարաբերություններից բարելավմանն ուղղված քայլերին։ Կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ հայտարարության մեջ նշվում էր, թե «ՀՅԴ-ն ստանձնելու է իշխանություններին արդյունավետորեն հակակշռելու և զսպելու դերակատարությունը, իրականացնելու է անհրաժեշտ գործառույթներ՝ քաղաքական դաշտի առողջացման և բյուրեղացման, իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերությունների ձեւավորման, սոցիալական արդարության հաստատման և ժողովրդավարության ամրապնդման նպատակով, ծավալել նախընտրական խոստումներից բխող ամբողջական գործունեություն` դրսևորելով ՀՅԴ-ի գաղափարաքաղաքական ինքնատիպությունը, նաև հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղի հակամարտության կարգավորմնան գործընթացներում առաջնորդվելով բացառապես ազգային-պետական շահերի և նպատակների գերակայությամբ: