Հայաստանը շուտով նոր տեղական ավիափոխադրող կունենա։ Այդ կապակցությամբ մի քանի կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ» հետ զրույցում հայտնել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։ Նա ասել է, որ գարնանն արդեն լիարժեք տեղեկատվություն կլինի այդ մասին։
Գրձելյանն ասել է նաև, որ չի կարող ասել, թե որ ավիաընկերությունների հետ են բանակցություններ ընթանում, քանի որ հնարավոր է մեկ շաբաթից ընկերությունը բանակցությունից դուրս գա։
Թերթն ընդգծում է, որ վրացական «Կոմերսանտ» պարբերականում հրապարակում է եղել, որ վրաստանյան Airzena-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախկին նախագահ Թամազ Գաիաշվիլին և գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը նոր ավիաընկերություն են ստեղծում Հայաստանում։ Ըստ վրացական պարբերականի այն կկոչվի Armenia, իսկ անձնակազմի մեծ մասը կհամալրվի Airzena–ի աշխատակիցներով։
Անդրադառնալով հրապարակմանը Գրձելյանը նկատել է, որ Airzena-ն Հայաստանում աշխատում է, և, միգուցե, բանակցություններ են վարվում ուղղությունները և թռիչքների հաճախականությունն ավելացնելու ուղղությամբ։ Սակայն ինչ վերաբերում է ավիաընկերություն հիմնելուն, ապա մամուլի քարտուղարը փոքր-ինչ անհավանական է համարել, որ Airzena-ի նման փոքր ավիաընկերությունը շուկայում առկա ծանր պայմաններում ընդլայնվելու հնարավորություն ունենա։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում