«Լոքալ դեվելոփերզ» ընկերությունը պարտադրում է Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանին լքել իր բնակարանը։ Բնակիչը համաձայն չէ ընկերության պահանջների հետ։ Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում կայացել է գործով հերթական դատական նիստը։
Վարդան Գերավետյանը դատարանին միջնորդել է հետաձգել նիստը՝ նշելով, որ Հյուսիսային պողոտայի մոտ գտնվող Տերյան 23 շենքի բնակիչների և գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դեվելոփերզ» ընկերության միջև այս պահին բանակցություններ են ընթանում, որոնց մասնակցում են նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ներկայացուցիչները։
Դատավոր Ալվարդ Հունանյանը բավարարել է Գերավետյանի միջնորդությունը։
Տերյան 23֊ում, ինչպես նաև Տերյան 25 և Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը Կառավարության կողմից ճանաչվել էին բացառիկ հանրային գերակա շահ և որոշում էր ընդունվել դրանք քանդել, տարածքը հանձնելով «Լոքալ դեվելոփերզ» ընկերությանը, որն էլ պետք է փոխհատուցում տա բնակիչներին։ Վերջիններս, սակայն, համաձայն չեն փոխհատուցման պայմանների հետ, բացի դա, խնդրահարույց են համարում ՀՀ կառավարության որոշումը և նշում, որ ընկերությունը բազմաթիվ ապօրինի քայլերի է դիմել։
Դատական նիստից հետո «Լոկալ Դեվելոփերս»-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ բնակիչների բողոքը իրավական առումով անհիմն է:
«Ո՞րն է խնդիրը, եթե ես քեզանից բնակարան եմ գնում, տեղն էլ բնակարան եմ տալիս նույն տեղում, հո՞ մասիվում չեմ տալիս»,- ասել է Սիրունյանը:
Փաստաբանի խոսքով՝ ընկերությունը բնակիչներին գնահատվածից ավել գումար չի նախատեսում տալ: Еpress.am-ի հարցին, թե փաստաբանը հիմնավորվա՞ծ է համարում բնակիչների այն դժգոհությունը, որ շենքի բոլոր հարկերի բնակիչներին փոխհատուցման նույն չափն են նախատեսում՝ Սիրունյանը բացասական պատասխան է տվել.
«Մարդիկ, տարբերությունը ասելով, նկատի ունեն, որ առաջին հարկինը ապագա ռեստորան ա, ռեստորանի գին տվեք ինձ»:
Սիրունյանը դժվարացել է պատասխանել, թե ինչ շենք է ընկերությունը պատրաստվում կառուցել այդ հասցեում: Epress.am֊ի թղթակիցը նկատել է, որ բնակիչների համար այդ հարցը կարևոր է, որովհետև նրանք համարում են, թե, օրինակ, հյուրանոց կառուցելու դեպքում դա չի կարող բացառիկ հանրային գերակա շահ համարվել։ Դրան ի պատասխան, Սիրունյանն ասել է, որ որոշումը ընդունել է Կառավարությունը․ «Բնակիչները սլաքներն ուղղել են դեպի մեզ, բայց չլիներ «Լոքալ դեվելոփերզը» կլիներ այլ ընկերություն»:
Ավելի վաղ Еpress.am-ի հետ զրույցում Վարդան Գերավետյանը հայտնել էր, որ 2014 թվականին առաջին անգամ տարածքների գնահատում իրականացրած «Անիկոմ» ընկերությունը (ղեկավար Պյոտր Գրիգորյանց֊խմբ․) այդ պահի դրությամբ լիցենզիա չի ունեցել: Որպես ապացույց՝ Գերավետյանն այսօր դատարան էր բերել ՀՀ Կառավարությանն անընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված փաստաթուղթը, որը հաստատում էր Տերյան 23֊ի բնակչի խոսքերը։
Չնայած փաստաթղթի առկայությանը, Ալեքսանդր Սիրունյանն ասել է, որ անհնար է, թե գնահատելու ժամանակ ընկերությունը լիցեզիա ի ունեցել: