ԵԽԽՎ֊ում երեկ ընդունված «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձևը լիովին քաղաքական է, և դա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքով։ Այս մասին Ilur.am կայքում գրում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը․
«Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքով (տեղի ունեցածի մեջ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը մեղադրելը միայն մեկ նպատակ ունի՝ սլաքները շեղել գլխավոր պատասխանատու Ս. Սարգսյանից) ԵԽԽՎ-ն ընդունել է լիովին քաղաքական փաստաթուղթ՝ 2085 բանաձև, որում ասվում է.
Հոդված 4. «Վեհաժողովը դատապարտում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հարակից այլ տարածքների բռնազավթումը…»;
Հոդված 7.1. Վեհաժողովը խնդրում է «Հայկական ուժերի անհապաղ դուրսբերում նշված տարածաշրջանից»;
Հոդված 7.2 «Հայկական իշխանությունները պետք է դադարեն օգտագործել ջրային պաշարները որպես քաղաքական ազդեցության գործիք, կամ որպես հակամարտության կողմերից մեկի օգտին օգտագործվող հարկադրանքի միջոց»;
Հոդված 8. «Վեհաժողովը խստորեն դատապարտում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը և Հայաստանի իշխանություններին՝ համագործակցության բացակայության համար: Վեհաժողովը համարում է, որ նման վարքագիծը անհամատեղելի է ԵԽ լիարժեք անդամ պետության ստանձնած պարտականություններին և պարտավորություններին: Վեհաժողովը կուսումնասիրի, թե ինչպիսի միջոցներ են պետք ձեռնարկել, եթե առաջանան այս և նման դեպքեր…»:
Սրանք այն նվաստացուցիչ կետերն են, որոնք իշխանությանը ծառայող լրատվամիջոցներն ու վերլուծաբանները համարում են պակաս վտանգավոր, քան… հասկանալի չէ, թե ինչը: Սրանից ավելի վտանգավոր, մեղադրական, քննադատական քաղաքական տեքստ չի լինում այնպիսի հեղինակավոր կազմակերպությունում, ինչպիսին է ԵԽԽՎ-ն:
Այլևս ԵԽԽՎ պաշտոնական դիրքորոշում հանդիսացող այս ձևակերպումներն իրենց ազդեցությամբ և հետևանքներով չեն զիջում չարաբաստիկ Ուոլթերի հեղինակած բանաձևի դրույթներին: Սերժ Սարգսյանի ձեռամբ՝ ԵԽԽՎ-ն դարձավ առաջին միջազգային կազմակերպությունը, որը դատապարտում է Հայաստանին՝ ոչ միայն տարածքները, այլև արդեն բուն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից զավթելու համար: Չբավարարվելով այս ձևակերպմամբ՝ ԵԽԽՎ-ն պահանջում է դուրս բերել ԼՂ-ից հայկական ուժերը: Այս նախադասություններն Ադրբեջանի 23 տարվա երազանքն էին, ամենահանդուգն իրենց երազներում նրանք չէին կարող պատկերացնել նման ջախջախիչ հաղթանակ միջազգային ասպարեզում: Մերոնց խայտառակությունը կրկնապատկվում է՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ դիվանագիտությունը չկարողացավ օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ օրեր առաջ մեկնած օգնության ձեռքից։ Նույնիսկ ունենալով նման նշանակալի աջակցություն՝ մեր պատվիրակությունը ձախողեց իր բոլոր հորդորները, այնուհետև ներկայացված լրացում-առաջարկները. ՀՀԿ-ական պատվիրակի շուրջ 15 լրացումից և ոչ մեկը չի անցել: Ամբողջովին հեղինակազրկված և ջախջախված ՀՀԿ-ական ներկայացուցիչները հրապարակեցին հուսահատ մի հայտարարություն, որով փորձ է արվում շեղել հասարակության ուշադրությունը խայտառակ ձախողումից: Տեղի ունեցածի լույսի ներքո Հայաստանը պետք է պատրաստ լինի նոր՝ ավելի բարդ մարտահրավերների միջազգային տարբեր հարթակներում»: