Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատական նիստին այսօր ոչ բոլոր վկաներն են հարցաքննվել։ Նիստում նախատեսված էր հարցաքննել 2015 թվականի հունվարի 12-ին սպանված ավագ Ավետիսյանների դստրեր Լուսինե Ավետիսյանին, Անահիտ Կոշտոյանին և փեսային՝ Եգոր Ադամյանին, սակայն, ինչպես նախորդ նիստին, կանանց վատ ինքնազգացողության պատճառով հարցաքննությունը չի կայացել․ Ավետիսյանն ու Կոշտոյանը միջնորդել են դատարանին հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքը, որտեղ իրենք նշել էին, թե չեն հավատում, որ սպանության մեջ միակ մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազային զինծառայող Վալերի Պերմյակովը կարող էր միայնակ դա անել։
Այսօր դատարանում ցուցմունքում է տվել Ավետիսյանների հարևանը՝ Կարինե Ավետիսյանը, ով պատմել է, որ սպանության օրն առավոտյան՝ մոտավորապես 06։00-ի սահմաններում, «գմփուն» է լսել և մտածելով թե երկրաշարժ է, դուրս է եկել բակ, սակայն այնտեղ տարօրինակ ոչինչ չնկատելով՝ տուն է մտել։ Դրանից հետո արդեն՝ լուսադեմին, երբ դրսում է եղել, կինը լսել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի ձայնը։ Ավելի ուշ նա նաև նկատել է, որ Ավետիսյանների դարպասը բաց է։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նշել է, որ հարևանուհու՝ Կարինե Ավետիսյանի նախաքննական ու այսօրվա ցուցմունքի մեջ հակասություններ են եղել․ «Այսօր նա շատ կարևոր մի փաստ ասաց, որը նախաքնության մեջ չէր նշվել։ Նա նշեց, որ երբ դուրս է եկել, լսել է փոքրիկ Սերյոժայի ձայնը։ Այս փաստը հետագա հանգամանքները պարզելու համար շատ կարևոր էր, որովհետև կարող ենք այդ փաստի հիման վրա դեպքերի հաջորդականությունը վերարտադրել»։